Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար այս ամռանն ամենապահանջված երկրների շարքում Հայաստանը չորրորդն է
Հայաստանը չորրորդն է 2017 թվականի ամռանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների թվում: Այդ մասին հայտնում են DaTravel.com ծառայության փորձագետները: Ընկերության մասնագետները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ՌԴ-ում և արտերկրում ավիատոմսերի ամրագրման ցուցանիշները:
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում առավել պահանջված ուղղությունն ամռանը կլինի Բուլղարիան: Երկրորդ հորիզոնականում Մոնտենեգրոն է, երրորդում՝ Վրաստանը, գրում է Lenta.ru-ն:
Հայաստանին հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը և Թուրքիան:
Հայաստանը ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների թվում 3-րդն է ռուսաստանցիների շրջանում համտեսային կամ գաստրոնոմիական զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն իր վերլուծության հիման վրա: Ըստ գործակալության` Ռուսաստանի բնակիչների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության համար ամենապահանջված երկրների հնգյակում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը: