Ընտրություններն արձանագրեցին առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Ողջունելով նման ձևաչափով արդեն ավանդական դարձած հանդիպումները՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ օրեր առաջ Հայաստանում կայացած կարևորագույն իրադարձությունը՝ խորհրդարանական ընտրությունները, այսօրվա հանդիպման առիթն են՝ նկատի առնելով, որ ընտրություններից անցել է շուրջ երկու շաբաթ, և տեղին է անդրադառնալ դրանց՝ որպես կայացած իրողության: Սերժ Սարգսյանը, հիշելով 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին նման ձևաչափով դեսպանների հետ վերջին հանդիպումը՝ հույս է հայտնել, որ ապրիլյան դասերը ոչ միայն Ադրբեջանի համար են, այլև բոլորի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, որպես մեկ միասնական անվտանգային տարածք, որպեսզի բոլորը շատ ավելի աչալուրջ լինեն հնչող ահազանգերին և անվտանգության սպառնալիքներին: Հանրապետության Նախագահն իր ներածական խոսքում ոչ միայն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին, դրանց միջազգային դիտորդական առաքելությունների տված գնահատականներին, այլև պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Դեսպանների հարցերը վերաբերել են ինչպես Նախագահի ելույթում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ տրված գնահատականներին, այնպես էլ հետընտրական շրջանում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ շարունակական քայլերին, կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերին, քաղաքացիական հասարակության և հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ երիտասարդության հետ աշխատանքին ու նրանց հետ սկսված համագործակցության զարգացման ծրագրերին, նաև՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին:
Դեսպանները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սարգսյանին նման ձևաչափով հանդիպումները պարբերական դարձնելու համար և նշել, որ բաց ու անկեղծ մթնոլորտում տեղի ունեցող զրույցի ընթացքում իրենք հնարավորություն են ստանում բավականին կարևոր և հանգամանալից տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի մասին անմիջապես երկրի Նախագահից, լսել տարբեր խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Նախագահի տեսակետներն ու պատկերացումները:
Խորհրդարանական ընտրությունների հետ կապված Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոչ միայն ընտրությունների պարագայում, այլև բոլոր երևույթները գնահատելիս, մշտապես աշխատում է խուսափել «ամենա-ամենա» բնորոշումներից և նախընտրում է գործընթացներին ուղղակի տալ համատեքստային գնահատական: «Կցանկանայի նշել, որ այս ընտրություններն արձանագրեցին այն կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում: Ընտրություններում, իմ կարծիքով, առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, որոնցից երեքի վրա ցանկանում եմ հրավիրել ձեր ուշադրությունը:
Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը»,-նշել է Նախագահը, միաժամանակ ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները. «Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, Նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:
«Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ Խորհրդարանական վեhաժողովի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում:
Հայաստանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առանցքային դերակատարում ուներ ընտրական մի շարք առաքելությունների աշխատանքները համակարգելու գործում, տվել էր անսահմանափակ դիտորդներ տեղակայելու հնարավորություն: Ուրախ եմ նշել, որ ԺՀՄԻԳ-ը զգալիորեն ավելացրեց դիտորդների քանակը հենց ընտրությունների նախօրեին՝ այն բացատրությամբ, որ մեր ընտրությունները հարուցել են շատ երկրների հետաքրքրությունը, և մենք համաձայնվեցինք, որ հիսունով ավելանա դիտորդների քանակը»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Հանդիպման ներածական խոսքի ավարտին Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է և լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար: «Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը»,-ընդգծել է Նախագահը: