
Թուրքիայում հանրաքվեի օրը ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 12 հոգի է ձերբակալվել

Թուրքիայի Մերսին քաղաքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ: Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն` ԻՊ 12 ահաբեկիչները կասկածվում են ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել Թուրքիայում գտնվող ազգայնականներին ապրիլի 16ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրը հարձակումներ իրականացնել ընտրատեղամասերի վրա: ԻՊ Rumiyah ամսագրի 8-րդ համարի թուրքերեն տարբերակում ահաբեկիչները նշել էին, թե «Ալլահից բացի օրենք սահմանողի ընտրելն անհավատություն է»: «Հանրաքվեին «այո» ասողներն էլ են անհավատ, «ոչ» ասողներն էլ: Մուսուլմանները պետք է ոչ մի պարագայում ընտրատեղամասեր չգնան, հեռու մնան ընտրատեղամասերից, թշնամանք հայտարարեն քվեարկողների դեմ»,- ասվում էր ԻՊ ամսագրում: