Բաժիններ՝

Եվրատեսիլում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան որոշել է ավելի խորը ուսումնասիրել Կոմիտասի գործերը

Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան իր պաշտոնական պրոմո­ շրջագայության շրջանակում ժամանել է Հայաստան: OGAE Armenia­ն (Հայաստանում Եվրատեսիլի պաշտոնական ֆան ակումբ) և The LOFT-­ը կազմակերպել էին երգչուհու հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այն անցկացվեց ապրիլի 13-­ին «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում:

«Ներկայացնելու եմ «Perfect life» երգը: Կարծում եմ՝ կյանքը չի կարող կատարյալ լինել, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախ հայտնվում է տհաճ իրավիճակներում, բացասական երևույթների է բախվում: Նման իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ­որ դրական բան գտնել: Երգիս միջոցով ցանկանում եմ դրական հույզեր պարգևել մարդկանց»,­- նշեց Լևինան:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Եվրատեսիլ երգի մրցույթում Գերմանիան մեծ հաջողություններ չի գրանցել: Երգչուհին հույս հայտնեց, որ այս տարի ինքը կկարողանա ինչ­որ բան փոխել:

Լևինան ընդգծեց, որ այս տարվա մրցույթում բավականին շատ են լավ երգերը, սակայն ինքը հատկապես հավանում է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների երգերը, հետաքրքիր ու հաճելի են Հայաստանի, Բելգիայի բալլադները:

«Կարծում եմ, որ Արծվիկը հզոր ձայն ունի: Պետք է խոստովանեմ, որ շատ զարմացա երբ տեսա, թե ինչպես է Արծվիկը կատարում գերմանական ժողովրդական երգը: Հիանալի էր: Որոշեցի ընդունել նրա մարտահրավերն ու երգել Կոմիտասի «Կաքավիկ»­-ը, որը շատ գեղեցիկ ու զգացմունքային ստեղծագործություն է, բայց բավականին բարդ»,­ շեշտեց նա և ասաց, որ այցելել է Կոմիտասի թանգարան­ինստիտուտ ու մեծ բավականություն ստացել: «Որոշել եմ ավելի մանրամասն ուսումնասիրել Կոմիտասի գործերը»,­- ասաց Լևինան:

Հանդիպմանը հանդիսատեսը և մամուլի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել Լևինային, ինչպես նաև վայելեցին Լևինայի «Perfect life» երգի կենդանի կատարումը։

Լևինան երաժշտությամբ զբաղվում է վաղ տարիքից: Նրա խոսքով՝ դեռ մանկուց սիրել է երգել, համերգներ կազմակերպել պարտեզում, իսկ ինը տարեկանում դաշնամուր նվագել և իր սեփական երգերն է գրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս