ՄԻՊ աշխատակազմի կողմից ստացված դիմումբողոքների քանակն ավելացել է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2016 թվականին ստացել է 5113 դիմումբողոք: Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Սահմանադրական նոր լուծումների արդյունքում դիմումբողոքների քանակը ավելացել է: Բողոքներից 1072-ը եղել է գրավոր, իսկ բանավոր դիմումբողոքների հիման վրա իրավական խորհրդատվություն է ստացել 4041 անձ: Ընդ որում, խորհրդատվություն է տրամադրվել 1955 քաղաքացու ՄԻՊ գրասենյակում կամ աշխատակազմի կատարած հեռախոսազանգի միջոցով, 1720 քաղաքացու` թեժ գծի, իսկ 366 քաղաքացու արագ արձագանքման միջոցով», նշեց Թաթոյանը:
2016 թվականին արագ արձագանքման արդյունքում կատարվել է 199, իսկ Կանխարգելման արագ մեխանիզմի կողմից՝ 213 այց: Քննարկված բողոքներով դրական լուծում է ստացել 243 գործ, իսկ արագ արձագանքմամբ՝ 201:
Երևանից ստացվել է 2590 դիմումբողոք, Շիրակից` 279, Լոռիից` 224, Արմավիրից` 177, Գեղարքունիքից՝ 171, Կոտայքից՝ 165, Արարատից՝ 120, Սյունիքից՝ 57, Տավուշից՝ 42. Արագածոտնի և Վայոց ձորից՝ 21 դիմումբողոք:
Դիմումներից 631-ն ուղղված է ՀՀ ոստիկանությանը, 307-ը` ՀՀ քրեակատարողական հիմնարկին, 247-ը` ՀՀ քննչական կոմիտեին, 236-ը` ՀՀ ՊՆ-ին, 233-ը՝ դատարաններին, 149-ը` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը, 119-ը` Երևանի քաղաքապետարանին, 117-ը` ՀՀ առողջապահության նախարարությանը, 95-ը` Սոցապնախարարությանը, 49ը` գլխավոր դատախազությանը, 47-ը` ՀՀ արդարադատության նախարարությանը, 34-ը` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 30-ը` ՀՀ քաղաքապետարանների և 26-ը` ՀՀ գյուղապետարանների դեմ: