«Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում հաստատվեց մի շարք օրենքներում՝ «Լիցենզավորման մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Պետական տուրքի մասին», «Զենքի մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին», «Թափոնների մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ փաթեթով առաջարկվող լուծումների պարագայում  ՀՀ կառավարությունն այլևս չի նախատեսվի որպես լիցենզավորող մարմին, և վերջինիս վերահապված լիցենզավորման լիազորությունը կիրականացվի կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից:

Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար վարչարարության պարզեցման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Լիցենզավորման մասին» օրենքի մաքսային գործին առնչվող գործունեության տեսակների լիցենզավորմանը վերաբերող բոլոր դրույթները:

Ս.Կարայանը նշեց, որ առաջարկվում է ՀՀ տարածքում բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը, սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:

Ըստ նախարարի՝ այդպիսով պարզեցվում են լիցենզավորման ընթացակարգերը և կրճատվում տնտեսվարողների ֆիանսնական ու վարչական ծախսերը:

«Պարոն Կարայան, լա՞վ որոշում ենք անում»,- Կարայանից հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ստանալով դրական պատասխան՝ վարչապետը կրկին հարցրեց. «Շա՞տ լավ որոշում ենք անում»:

«Կարելի է ասել, որ շատ լավ, որովհետև փոփոխությունները…» ,- ասաց Կարայանը, բայց վարչապետն ընդհատեց նրան։

«Բա տոնայնությունից չենք զգում դա»,- ասաց Կ.Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով որոշումը կազմակերպողներին, այդ թվում՝ արդարադատության նախարարին:

Կ.Կարապետյանը նշեց, մի խնդիր կա՝ բիզնեսը բավական ուշ է տեղեկացվում իրականացվող փոփոխությունների մասին և պետք է այդ խնդիրը լուծել:

Տեսանյութեր

Լրահոս