Ո՞ւմ էր թաքցնում ՀՀԿ-ն
«Այս ընտրությունների ժամանակ շատ խորամանկություններ, հնարքներ են կիրառվել։ Օրինակ՝ ՀՀԿ-ն ճիշտ էր արել, որ հաղթանակի դեպքում՝ որպես իր վարչապետ, ներկայացրել էր Կարեն Կարապետյանին։ Բայց Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի գաղափարական լիդերներից, գաղափարախոսության կրողներից չէ։ Ո՞ւր էին ՀՀԿ հիմնադիրները։ Այսինքն՝ չէր երևում, որ դա Հանրապետականի վարչապետն է հանդես գալիս։ Նա կարող էր նույն կերպ հանդես գալ՝ որպես ցանկացած այլ կուսակցության վարչապետի թեկնածու, և ասել նույն բանը։ Այսինքն՝ հնարք թիվ 1-ը եղել է այն, որ հայաստանյան պրոցեսների մեջ չվարկաբեկված մարդուն ՀՀԿ-ն ներկայացնում էր՝ որպես հանրապետական գործիչ»,- 168.am-ին ասել է Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին։
Ըստ նրա՝ երկրորդ հնարքն այն էր, որ ի սկզբանե պարզ էր, որ ՀՀԿ ցուցակի առաջին 3 թեկնածուներն ԱԺ-ում չեն լինելու, թեև կարող է ցանկալի լիներ, որ նրանք լինեին ոչ թե գործադիրում, այլ՝ օրենսդիրում.
«Դա նման էր մի խանութի, որտեղ ցուցափեղկում դրված է նոր ապրանք, իսկ ներսում սեքնդ-հենդ է։ Այսինքն՝ ՀՀԿ-ն փորձում էր իր փորձառու, գաղափարախոսություն կերտող, ՀՀԿ-ական հիմնադիրներին թաքցնել 2-րդ, 3-րդ տասնյակում՝ առաջ մղելով ոչ այնքան վարկաբեկված մարդկանց, և մյուս կողմից՝ ընտրողների ձայները հավաքելու համար ասպարեզ էր նետում վարկաբեկված, քաղաքական տեսակետից ամենաոչպրոֆեսիոնալ և, որոշ, դեպքերում ցածր կրթություն ունեցող մարդկանց, ովքեր ֆինանսական, նաև տարբեր հնարավորությունների խոստումներ տալու միջոցով հավաքում էին ձայներ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: