«Եթե որևէ բան իմ սկզբունքներից դուրս լինի՝ ես խոսելու եմ».Երվանդ Երզնկյանը՝ Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու մասին

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արդեն հայտնի են կուսակցության համամասնական ցուցակի առաջին 25 թեկնածուների անունները, որոնց մեջ են մտավորականներ, քաղաքի պատվավոր քաղաքացիներ, մշակութային գործիչներ:

168.am-ը զրուցել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006), ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Երզնկյանի հետ:

Մեզ հետ զրույցում պարոն Երզնկյանը սահմանափակվեց հակիրճ պատասխաններով՝ քաջածանոթ է քաղաքի խնդիրներին.

«Իմ քաղաքը սիրում եմ, իմ քաղաքի պատվավոր քաղաքացի եմ: Ինձ առաջարկել են, որ ես լինեմ ավագանու անդամ, ու չեմ մերժել: Եթե լինեմ ավագանու անդամ՝ պետք է ամեն ինչ անեմ, որ իմ քաղաքին ինչ-որ բանով, թեկուզ մի քարով էլ լինի, օգուտ տամ ու շենացնեմ քաղաքը, իսկ եթե որևէ բան իմ սկզբունքներից դուրս լինի՝ ես խոսելու եմ»:

Միաժամանակ երաժիշտը նկատում է՝ քաղաքի ավագանու կազմում առաջին անգամ է ընդգրկվում.

«Մինչև այդ իմ ընկեր Մարտին Վարդազարյանն էր, այս անգամ քաղաքապետարանն ինձ խնդրեց, որ աջակցեմ, ես էլ ասացի, որ դեմ չեմ: Ճիշտ է, ես զբաղված մարդ եմ, բայց Երևանի խնդիրներն ինձ համար ամենաառաջնակարգերից մեկն են: Վստահ եմ, որ ավանագու կազմում աշխատելու եմ այնպես, ինչպես աշխատել եմ մինչ այսօր իմ բոլոր աշխատավայրերում՝ ամենաբարձր որակներով: Ամենաառաջնային խնդիրների ցանկին դեռ չեմ անդրադարձել, որովհետև այդ մասին դեռ չեմ մտածել՝ պարզապես աշխատանքի բնույթին ծանոթ չլինելով պատճառով: Մինչ այսօր կատարված աշխատանքները մասնավորեցնել չեմ ցանկանում, բայց մի բան հաստակ է՝ դժգոհելու բաներ շատ կան»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենա մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հանրապետական և «Երկիր Ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացնի ապրիլի 9-14-ը:

Տեսանյութեր

Լրահոս