Բաժիններ՝

Մեկնարկում է հայկական կոնյակի փառատոնը

«Հայկական կոնյակի փառատոնի» շրջանակներում այսօր գործնական հանդիպում էր կազմակերպել «Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը», որի ընթացքում մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց փառատոնի, դրա անցկացման և մասնակցության դեպքում առաջարկող պայմանների վերաբերյալ:

Այսպիսով՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը»՝ ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ, մայիսի 7-9-ը Ծաղկաձորում առաջին անգամ կկազմակերպի «Կոնյակի փառատոն», որի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև՝ ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը: Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող թվով 30 ընկերություններ:

«AR Կովկաս» տուրիստական ընկերության գործադիր տնօրեն Սվետլանա Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:

Ըստ վերջինիս բնորոշման՝ կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և՛ երկրին, և՛ հայկական կոնյակի ավանդույթներին:

«Փառատոնի անցկացման օրերին սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների հոսք: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասում է Ս. Սիմոնյանը:

Փառատոնի համար արդեն իսկ պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոների անցկացման բոլոր չափանիշերին:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս