ՀՀ ԿԸՀ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովը՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում կայացնելը պետք է քննի դաշինքի ներկայացրած դիմումը և որոշման մեջ ամրագրի նաև դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը: «Դիմումը բաղկացած է 121 էջից, պարունակում է 21 բաժիններ, որոնցում ներկայացված են իրավական դիրքորոշումներ, փաստական հանգամանքներ, որոնք բերվել են դիմումով ներկայացվող պահանջները հիմնավորելու նպատակով»,- նշեց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ իրենք ծանոթացել են դիմումում առկա բոլոր փաստական և իրավական հիմքերին, բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրվել են հանձնաժողովի անդամների կողմից: Դիմումը ԿԸՀ է ներկայացված օրենքով սահմանված ժամկետներում՝ 2017թ. ապրիլի 7-ին:
Այնուհետև ԿԸՀ նախագահը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից լիազորված, «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանին հնարավորություն տվեց մեկ ժամվա ընթացքում ներկայացնել դիմումը: Տիգրան Եգորյանը նիստի ընթացքում ներկայացրեց միջնորդություն՝ դիմումում ներկայացված փաստական հանգամանքներում լրացումներ կատարելու վերաբերյալ: ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը՝ որպես հիմնավորում ներկայացնելով այն հանգամանքը, որ փաստական հանգամանքները պետք է ներկայացվեն օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ դիմումի քննության ժամկետները սահմանափակ են:
Եգորյանի կողմից դիմումը ներկայացնելուց հետո ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԿԸՀ որոշումն՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որում ներառված էր նաև հանձնաժողովի որոշումը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի մասին: ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն պայմանով, որ թույլ տրված խախտումները թույլ չեն տալիս պարզել ընտրությունների արդյունքները, երբ արձանագրված խախտումները կարող են կասկածի տակ դնել արդյունքները: «Օրենքը չի սահմանում խախտումների քանակ կամ տեսակ, որոնց առկայությունը հիմք կհանդիսանա ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Որևէ ընտրատեղամասում եղած խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ մյուս տեղամասերում նմանատիպ խախտումների վերաբերյալ ենթադրություններ անելու համար: Ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների կամ կուսակցությունների ստացած ձայների քանակի վրա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Անդրադառնալով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումին՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: «Դիմումում որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որևէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ընդգծեց Մուկուչյանը:
Նա հավելեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ներկայացված դիմումը հիմնազուրկ է, իսկ դրանով վկայակոչված դատողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար