Ո՞վ կլինի ԱԺ փոխնախագահը

«Անսպասելի ոչինչ չկար ընտրություններում, ես այսպիսի տարբերակ էի պատկերացնում ու միշտ խոսել եմ այդ մասին։ Բայց այստեղ պետք է դիտարկել այն, որ թրենդը, համաձայն որի՝ սրտի փոխարեն՝ ստամոքսով են ընտրություն անում, ավելի ու ավելի է մեծանում։ Հայաստանյան ընտրություններն ապացուցում են, որ որոշակի գաղափարական ծրագրեր ունեցող ուժերը պարտվում են: Հաղթում են այն ուժերը, որոնք գումար և այլ ադմինիստրատիվ ռեսուրսների միջոցներ ունեն, ու հենց այդ միջոցներով են հաղթում: Այսինքն՝ այն ուժերը, որոնք մեծամասնություն հավաքեցին, գաղափարական ոչինչ չունեին։ Դա ինձ համար հետաքրքիր թրենդ է, այն համաշխարհային է»,- այսօր կազմակերպված «ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփում. նախընտրական ակնկալիքներ և հետընտրական իրողություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այս ընտրությունների ամենահետաքրքիր ու կարևոր ֆենոմենն իր համար հետևյալն էր. «Նախորդ ընտրություններից հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ չկան մեծ ցույցեր, հետընտրական զարգացումներ։

Քաղաքական ուժերը կարող էին միտինգներ կազմակերպել, բայց ենթադրում են, որ լուրջ ցույցեր չեն կարող կազմակերպել։ Եթե հիմա նրանք միտինգ կազմակերպեն, կհավաքվի ընդամենը 5000 մարդ»։ Ասուլիսի մյուս բանախոսի՝ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի համար ևս ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, իսկ հետընտրական պրոցեսներ նախորդ անգամները, ըստ նրա՝ տեղի էին ունենում, որովհետև քաղաքական ուժերի ձայները գողանում էին.

«Այս անգամ չեն գողացել, այս անգամ գնել են։ Ամեն ինչ տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Բողոքավոր զանգվածն ո՞ւմ դեմ պիտի դժգոհի: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այս անգամ «Ելքն» է ընդդիմադիրը, իսկ այնտեղ փորձված անձինք են: Եթե դու տանում ես հետընտրական զարգացումների և արդյունք չես ունենում, պարտվում ես։ Եվ, ըստ իս, ճիշտ են անելու: Նրանք պետք է աշխատեն այս հինգ տարիներին իրենց 8 տոկոսը մեծացնելու ուղղությամբ: Բայց որպես հիմնական ընդդիմադիր ուժ՝ տոկոսը շատ քիչ է:

Նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել, որ ընդդիմադիր ուժն 8 տոկոս ստանա: Հետագա պայքարի առումով «Ելքի» ստարտային պայմանները շատ վատն են: Պետք է լրջորեն մտածեն, որ հինգ տարի հետո ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի նման 8 տոկոսը դարձնեն զրո, այլ կրկնապատկեն, եռապատկեն»։ Հարցին՝ ո՞վ կլինի ԱԺ փոխնախագահը, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, կլինի «Ծառուկյան» դաշինքից: «Ծառուկյան» դաշինքը կհայտարարի, որ ընդդիմություն է, փոխնախագահի պաշտոնը կտրվի այդ ուժին»:

Տեսանյութեր

Լրահոս