«Որպեսզի որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ պոպուլիզմով ենք զբաղվում». վարչապետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում հարկահավաքության` նախատեսվածից բարձր ցուցանիշների և տնտեսական աճի արդյունքում ստացված լրացուցիչ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին:

Նշելով, որ այս տարվա բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը չի համապատասխանում իրենց հավակնություններին՝ Վ.Արամյանն ասաց, որ միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր ցուցանիշներ: Նախարարի խոսքով` դոնոր գործընկերների հետ քննարկել են և շուրջ 98 մլն դրամի չափով առանձնացրել այն ծրագրերը, որ կարելի է այս տարի իրականացնել: Ըստ նրա` կապիտալ ծախսերը կատարելու համար պետք է փոփոխություն մտցնել բյուջեում:

«Մեկ լավ լուր` հարկահավաքումն առաջին եռամսյակում 1 տրլն 135 մլրդ ծրագիրը գերակատարել ենք 11.5 մլրդ դրամով, եթե կարողանանք այդ վարքագիծը պահպանել, իսկ մենք կարծում ենք, որ ՊԵԿ-ի գործընկերներն ագրեսիվ են, որ իրականացնեն բարեփոխումներ հարկային և մաքսային ոլորտներում, կկարողանանք կատարել: Շուրջ 50 մլրդ-ով կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ՝ կատարել կապիտալ ծախսեր»,- ասաց Արամյանը` նկատելով, որ կան ռիսկեր` ցուցանիշները բարձր են ՊԵԿ գործընկերների համար, բայց խոստացավ, որ Ֆինանսների նախարարությունը կաջակցի:

«ՊԵԿ-ի աշխատանքն առաջին կվարտալի գնահատում ենք լավ: Եվ դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Երկրորդը` մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք և հատուկ ընտրությունների հաջորդ կառավարության նիստին ենք ասում, որ որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ պոպուլիզմով ենք զբաղվում»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` իրենք գիտակցում են, որ ՊԵԿ-ի առջև բարդ խնդիր է դրվում, և սպասում են երկրորդ փուլի բարեփոխումների ծրագրին. «Մենք շատ լավ գիտակցում ենք՝ ինչ խնդիր ենք դրել, և տարվա վերջ գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»: Կ.Կարապետյանը հանձնարարեց համապատասխան փոփոխությունները մշակել բյուջեում:

Տեսանյութեր

Լրահոս