«Ելքի» վստահված անձանց վրա զինված հարձակում գործելու համար մեղադրվող անձը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 2017 թվականի մարտի 31-ի ուշ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արձանագրված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում, որ «Ելք»-ի վստահված անձանց նկատմամբ Երևան քաղաքի Սվաճյան ու Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել զինված հարձակում, գողացել են դրոշները:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նույն օրն ստացվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում։
Նախաքննությամբ ձեռք բերված նախնական փաստական տվյալների հիման վրա՝ ապրիլի 3-ին Ա. Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, միջադեպի դրդապատճառները, բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանցից չուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին կտեղեկացնեն լրացուցիչ։