
Թուրքիան Սիրիայում նոր գործողությունների է պատրաստվում

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո պատրաստվում է նոր գործողությունների: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:
«Մենք ավարտել ենք «Եփրատի վահան» գործողության առաջին փուլը, բայց շարունակություն, իհարկե, լինելու է: Մենք պատրաստվում ենք Սիրիայի տարածքում նոր գործողությունների»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն մարտի 29-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը: