Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առիթով
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:
«Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանում կայացած Ազգային ժողովի ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ժողովրդական քվեարկության արդյունքները լիովին հաստատեցին այն բարձր վստահությունը, որն անձամբ Դուք և Ձեր գլխավորած կուսակցությունը վայելում են Հայաստանի քաղաքացիների շրջանում: Դա նաև սոցիալտնտեսական զարգացմանն ուղղված արդիական խնդիրների լուծման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության հարցում Ձեր վաստակի ընդունումն է:
Վստահ եմ, որ նոր կազմով Ազգային ժողովի գործունեությունը նպաստելու է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Օգտվում եմ առիթից, որպեսզի Ձեզ և Ձեր զինակիցներին մաղթեմ նոր հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին` բարեկեցություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ Նախագահի շնորհավորական հեռագրում: