«Как Бог решит, так и будет». ի՞նչ է կատարվում Լոռու մարզի փոքրամասնություններով բնակեցված գյուղերում
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վստահվան անձ Մանե Ադամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում, որտեղ իրականացնում է վստահված անձի իր պարտականությունները, մարդիկ խմբերով են գնում քվեարկելու.
«Քանի որ քվեաթերթիկները հայերեն են, իսկ շատերը հայերեն չգիտեն, օգնելու պատրվակով հստակ ուղղորդում են ընտրողներին։ Նրանք չեն հասկանում՝ ինչպես քվեարկել, իսկ եթե հասկանում էլ են, ապա չեն կարողանում կարդալ, որ գտնեն իրենց նախընտրած թեկնածուին։ Նույնիսկ նկատեցի, որ հանձնաժողովի նախագահ Արարատ Աբրահամյանը քվեախցի կողքը 6-րդ քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դնում է ծրարի մեջ։ Արձանագրեցի, «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» դիտորդը հետս ստորագրեց։ Ի դեպ, քարտուղարը՝ Խաչատրյան Շամամը, ուզում էր համոզել մեզ, որ ստորագրելու տեղ չկա ու նախատեսված չի ստորագրել։ Մի դիտորդ էլ հանձնաժողովի հետ հարձակվում է մեզ վրա, ամոթանք են տալիս, թե խանգարում ենք։ Այդ դիտորդը «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ից է, անունը՝ Արշակ Հակոբյան»։
Մանեն նշեց, որ օրեր առաջ էլ եղել է մալականներով բնակեցված Լերմոնտով գյուղում, անցել է տնետուն, և մարդիկ ասել են, որ իրենց հավատքն արգելում է գնալ քվեարկության, քվեարկության ինստիտուտն իրենց համար չէ. «Նրանք ասում են՝ «как Бог решит, так и будет»»։