«Սերգեյ Դանիելյանի ձևավորած ուժը ճշգրիտ բնութագիրն է այն իրավիճակի, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում». Աշոտ Մանուչարյան

«Ընտրությունները խորքային իմաստով որևէ բան տալ չեն կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ մեր քաղաքական դասը ձևավորվել է նույն փիլիսոփայության մեջ, որը կա թե՛ այստեղ, թե՛ խորհրդային այլ երկրներում.

«Հայաստանում կանգ է առել ամեն ինչ, ու հասարակությունը, ժողովուրդն ուղղակի խեղդվում է։ Զրկել իշխանությունից  գործող համակարգին՝ խիստ կարևոր է, դա մթնոլորտ է փոխում։ Այս աստիճանի  բզկտվածության պայմաններում, որում սկսվում է այդ ընտրական պայքարը, այն էլ՝ առճակատումներ շատ բարձր աստիճանի, հնարավոր է՝ երկրում բերի ցնցումային զարգացումների՝ ընդհուպ մինչև  քաոսի զարգացման։ Սա էլ վտանգն է՝ կապված այդ ընտրությունների հետ»։

Ա. Մանուչարյանի խոսքով՝ այսօրվա վիճակը պահանջում է թռիչքային, բեկումնային փոփոխություն, ժողովուրդը պետք է զգա, որ մի նոր էջ է բացվում.

«Կուսակցություններից ոչ մեկը նման փոփոխության որևէ ծրագիր չունի։ Բայց հիմա մեզ պետք է գերառաջարկ, նման առաջարկ կա, արել է մտավորականությունը, որ ամիսներ առաջ ձևավորեց «Հոգևոր Հայաստանը», և դրվեց մի մեծ գերխնդիր՝ հայության ամբողջականացումը՝ որպես մի երկիր։ Զարմանալի է, որ ընդամենը մի քանիսը ֆորմալ կերպով ասացին, որ աջակցում են, և դրանից դուրս ոչինչ առայժմ չի հետևել։ Այսօր շատ հետաքրքիր գործընթացներ են ընթանում նաև ՀՀԿ-ում։  Չեմ զարմանա, որ վաղը-մյուս օրը կուսակցության շարքերից հեռացնեն Սերժ Սարգսյանին, որովհետև, կարծես թե, օլիգարխիական բոլոր ներկայացուցիչներին հեռացնում են, և կարող է՝ նման զարգացումներ լինեն։  Այդ դեպքում նորացված ՀՀԿ-ն կարող է մասնակցել այդ գործընթացներին»։

Հարցին, թե ընտրություններից որևէ դրական ակնկալիքներ չունե՞ք, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.

«Այն, որ Սերգեյ Դանիելյանը ձևավորեց այդ ուժը, դա ճշգրիտ բնութագիրն է այն իրավիճակի, որ կա Հայաստանի քաղաքական դաշտում։ Եթե Սերգեյ Դանիելյանը փորձի միջազգային կառույց ստեղծել, բոլոր երկրներում կստեղծվի մեկական նման կուսակցություն. բոլոր երկրների քաղաքական դասերը նույն ողորմելի վիճակում են»։

Ըստ Ա. Մանուչարյանի՝ ընտրություններից հետո կա՛մ կլինեն ցնցումներ, կա՛մ Սերժ Սարգսյանը կհեռանա.

«Սերժ Սարգսյանի հեռանալը փիլիսոփայության մեջ ոչինչ չի փոխում, ամբողջ օլիգարխիան, ամբողջ քաղաքական վերնախավը գիտի հետևյալը՝ իշխանությունը տրվում է, որպեսզի ստանաս փող, փառք, հնարավորություններ։ Չկա փիլիսոփայություն՝ չկա առաջարկ»։

Տեսանյութեր

Լրահոս