«Մեր դաշինքում լիդերի հարց երբևէ չի եղել. այն գլխավորելու է Սեյրան Օհանյանը». Արամ Գ. Սարգսյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ (ՀԴԿ) Արամ Գասպարի Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքում լիդերի հարց երբևէ չի եղել.
«Մեր դաշինքը գլխավորելու է Սեյրան Օհանյանը: Բոլորի տեսակետն այդպիսին է, իսկ «Համախմբում» կուսակցությունից հնչող կարծիքներն իրենց ներքին խնդիրն է, իրենք պետք է դա կարգավորեն»:
Նա ասաց, որ մտադրված են առաջիկա ընտրություններում մեծամասնություն գրավել կամ կոալիցիա ձևավորել.
«Բայց ոչինչ բացառել հնարավոր չէ: Եթե այս երկու-երեք ամսվա քարոզչական աշխատանքը կարողանանք ճիշտ կազմակերպել, բավական հույսեր կան, որ ժողովուրդը հասկանա ու անցնի ընդդիմության շարքերը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այս պահին ժողովրդին միայն խոսքով կարելի է բացատրել, որ կաշառք վերցնել ու ձայնը վաճառել պետք չէ.
«Եթե մենք էլ նույն ճանապարհով գնանք, կաշառք բաժանենք, ինչո՞վ ենք տարբերվելու իշխող կառույցներից: Մենք չենք ուզում, որ ժողովրդի գիտակցությունն այն մակարդակին հասնի, թե դա միայն ու միայն փողի պայքար է»:
Դիտարկմանը՝ ընտրություններ, նշանակում է՝ ռեսուրս, մարզերում մարմիններ, կառույցներ, նա այսպես արձագանքեց.
«Մենք ունենք մարզային կառույցներ, համապատասխան կառույցներ, որոնք աշխատելու են, և մենք դրա համար միավորվում ենք մյուս կուսակցությունների հետ, որպեսզի ավելի ամրացնենք մեր շարքերը: Այս դաշինքը կազմելն ինքնանպատակ չէ»: