Բաժիններ՝

Էներգախնայողներին հարկային արտոնություններ չեն տրվի

ՀՀ կառավարությունը մշակել է 2017-2018 թվականների Հայաստանի էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի նախագիծը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այն կներկայացնի փետրվարի 2-ին՝ գործադիրի նիստում։

Ծրագիրը սկսվել է դեռևս 2011 թվականից։ Ըստ որոշման նախագծի՝ երկրորդ փուլի համար կսահմանվեն նոր միջոցառումները, որոնք կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը:

Ուշագրավ է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկությամբ նախագծով հարկային արտոնություններ էին տրամադրվել էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր պահանջների պահպանմամբ շինարարության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, ինչպես նաև տվյալ պահանջների պահպանմամբ կառուցվող բնակելի շենքերում բնակարաններ ձեռք բերող քաղաքացիներին, սակայն Ֆինանսների նախարարության միջամտությամբ այդ արտոնությունը հանվել է։

«Նոր հարկային արտոնությունների տրամադրումը չի բխում ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման կայուն դրույքաչափերի պայմաններում հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը:

Բացի այդ, տնտեսության այս կամ այն ճյուղին հասցեական հարկային արտոնությունների տրամադրման առաջարկությունն ընդունելի չէ նաև այն տեսանկյունից, որ հասցեական հարկային արտոնությունների տրամադրումը հակասում է հարկման արդարության և հավասարության սկզբունքներին, ստեղծում է անհավասար պայմաններ, որի արդյունքում հարկային արտոնությունների տրամադրումը, որպես կանոն, չի նպաստում իր առջև դրված խնդիրների և նպատակների իրագործմանը: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ նոր հարկային արտոնությունների սահմանումը համարում ենք սկզբունքորեն անընդունելի»,- հիմնավորել են ՀՀ Ֆինանսների նախարարության մասնագետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս