
«ԼՂ հակամարտության կարգավորման բնակցություններին այլընտրանք չկա». Նալբանդյան

«Անցնող դիվանագիտական տարին լի էր մարտահրավերներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով 2016 թվականի դիվանագիտական տարին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանն անցնող դիվանագիտական տարին մարտահրավերներով լի որակեց՝ հատկապես մատնանշելով ապրիլ ամսին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում:
Հարցին, թե ի՞նչ փուլում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախարարը պատասխանեց, որ Ադրբեջանը շարունակաբար փորձում է խոչընդոտել ՀՀ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին, որոնք ուղղված են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նրա որակմամբ՝ Ադրբեջանը հարցականի տակ դրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ավելին, դրանք աղավաղեց, ուստի եռանախագահները ստիպված են կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն ձեռք բերված պայմանավորվածությունները` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում:
Նալբանդյանի վստահեցմամբ՝ սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են եռանախագահները և Հայաստանը:
Էդ. Նալբանդյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները:
«Մի շարք կարող եմ բերել` գագաթաժողովներ, գագաթաժողովներ, նախարարների մակարդակով հանդիպումներ, պայմանավորվում էին, քայլ անում, հրաժարվում, բայց բանակցություններին այլընտրանք չկա, ՀՀ-ն եռանախագահների հետ շարունակում է ջանքերը՝ գտնելու հակամարտությանն այնպիսի հանգուցալուծում, որը կապահովի ԼՂ ժողովրդի իրավունքները և անվտանգությունը, սա է պատճառը, որ պետք է շարունակվեն բանակցությունները»,- ասաց էդվարդ Նալբանդյանը: