
Արտակարգ դեպք Լոռիում. 12 բնակիչ դիմել է հիվանդանոց. նրանք շաուրմա են օգտագործել

Օրերս Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ` «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Լոռու մարզպետարանի մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտագործել են Լոռու մարզի հանրային սննդի միևնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա:
Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաև սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար: