«Ես չեմ ասի, որ մենք ունենք այն հեղինակությունը, ինչ ունեցել ենք 2012 թվականին…». ՀԱԿ-ն այլ ուժերի հետ քննարկումների մեջ է
«Մեր մոտեցումները չեն փոխվել. Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց խաղաղության մասին, ու հենց այդ կարգախոսով ենք առաջնորդվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ի վերջո, կապիտալը ներհոսում է այնտեղ, որտեղ կա խաղաղություն ու կայունություն։
Նա նշեց, որ ՀԱԿ-ը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին.
«Եթե մասնակցելու չլինեինք, ապա ընտրությունների օրվա հետ կապված հայտարարություն չէինք անի։ Չէր կարելի ապրիլի 2-ին նշանակել ընտրություն, նույնիսկ, եթե սահմանադրորեն կամ օրենքի շրջանակներում տեղավորվում է։ Մենք ընտրություններին պատրաստվում ենք, թե ինչ ձևով կլինի հայտարարությունը, ժամանակը ցույց կտա։ Չարժի շտապել»։
Խոսելով այլ ուժերի հետ համագործակցության մասին՝ Վ. Խաչատրյանը նշեց, որ ՀԺԿ-ի հետ երկար ճանապարհ են անցել, անցնում են, ու հույս ունի, որ կանցնեն.
«Մնացածների հետ կապված՝ քննարկումներ են գնում, կան լուրջ քննարկումներ և՛ առանձին մարդկանց հետ, և՛ քաղաքական ուժերի հետ, և՛ հասարակական կազմակերպությունների հետ։ Այդ շրջանակների քննարկումների արդյունքում՝ նաև մեր մոտեցումները կճշգրտվեն»։
Վ. Խաչատրյանը նշեց նաև, որ դեռևս ՀԱԿ-ի ցուցակի շուրջ քննարկումներ չեն ընթանում։
168.am-ի հարցին՝ ընդհանրապես ՀԱԿ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով այն, որ շատ տեսակետներ են հնչում, որ նախորդ ընտրություններին ՀԱԿ-ն ուժեղ էր, քանի որ իր ցուցակում կային շատ հայտնի, խարիզմատիկ դեմքեր, որոնք այս ընտրություններում այլ ուժերի ցուցակներում կլինեն, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց.
«Երբ ՀՀ-ում ընտրությունների արդյունքներով գնահատում են քաղաքական ուժին, սա իրականությանը չի համապատասխանում։ Ես չեմ գտնում, որ, ասենք, ՀՀԿ-ի քվեներն այնքան էին, որքան կային։ Նույնկերպ, ես համաձայն չեմ, որ ՀԱԿ-ի 2012 թվականի քվեն այնքան էր, ինչքան որ կար, և մնացած կուսակցություններինը՝ ևս։
Այսինքն՝ մեզ մոտ ինչպես տնտեսության մեջ թվանկարչություն կա, առավել ևս ընտրական պրոցեսներում շատ տարածված մեթոդ է, և այդ արդյունքներով գնահատել որևէ քաղաքական ուժի դերը հասարակության մեջ, ես իրական չեմ համարում։ Նույնը վերաբերում է սոցիոլոգիական հարցումներին։ Իհարկե, ճիշտ եք ասում, ես չեմ ասի, որ մենք ունենք այն հեղինակությունը, ինչ ունեցել ենք 2012 թվականին, կիսում եմ ձեր այդ մտահոգությունը, բայց դա պայմանավորված չէ անհատներով, այլ ուղղակի երկրում տեղի ունեցող փոփոխություններով, իրադարձություններով։ Գտնում եմ, որ ՀԱԿ-ը հնարավարություն ունի և՛ շեմն անցնել, և՛ ավելի դրանից մեծ տոկոսով կամ թվով հանդես գալ Ազգային ժողովում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։