Բաժիններ՝

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթում նոր անվանակարգեր են մտցվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է հետևյալ անվանակարգերով՝ 

  • Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում
  • Մերօրյա հերոսների փառաբանում
  • Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում
  • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում
  • Հասարակական գիտակցության դինամիկ փոփոխության անհրաժեշտությունը կրթական համակարգի միջոցով
  • Երիտասարդության դերը պետական մտածողության և քաղաքացիական հասարակության ձևավորման գործում
  • «Սոցիալական պետություն» սահմանումը և այդ ինստիտուտի զարգացումը նորանկախ Հայաստանում

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում», «Մերօրյա հերոսների փառաբանում», «Էկոտուրիզմի զարգացման հեռանկարները գյուղական համայնքներում» և «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգերում ներկայացված ծրագրերի բյուջեները չեն կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2017 թվականի մարտի 13-ը և ավարտի ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2017 թվականի հունվարի 30-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս