Բաժիններ՝

Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այս մասին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:

Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Կանն առողջարանային քաղաքում:

«Ինձ համար դա մեծ պատիվ է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,- Ալմոդովարի խոսքը մեջբերել է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Կարող եմ միայն ասել, որ ես ամբողջությամբ, հոգով ու մարմնով կնվիրվեմ այդ առաջադրանքը կատարելուն, դա միաժամանակ թե՛  արտոնություն Է, թե՛ հաճույք»,- հավելել է 67-ամյա ռեժիսորը:

Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:

Ալմոդովարը «Օսկար» երկու մրցանակի դափնեկիր է, «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999 թվական, «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ) եւ «Խոսիր նրա հետ» (2002 թվական, «Լավագույն օրիգինալ սցենար») կինոնկարների համար:

2016 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Միլլերն Էր, որը հայտնի է նախեւառաջ Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս