Գյումրիում մտավախություն կա, որ Վարդան Ղուկասյանի մասնակցությունը կբերի արյունալի բախման. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս ակտիվացել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ԱԺ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն: Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման։
Հիմա ինտրիգն այն է, թե արդյոք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում: Այստեղ հետաքրքիր է, թե ինչու իշխանությունը չի արգելում Վարդանիկին խաղեր տալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրա ու որդու վրա քրեական բնույթի տարբեր գործերի կոմպրոմատների հաստափոր տրցակ կա։ Չնայած զարմանալու բան չկա, եթե նկատի ունենանք, որ ի վերջո օդիոզ նախկին քաղաքապետի թափելիք արյունը քաղաքականապես Ծառուկյանի վրա է մնալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: