Բաժիններ՝

Facebook-ի 8 ոչ ակնհայտ հնարավորություն

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը շատերի համար ամենօրյա օգտագործման գործիք է դարձել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ չնայած դրան՝ շատերը չգիտեն սոցիալական ցանցի որոշ հնարավորություների մասին։

1. Ընտրեք՝ ումից ավելի շատ նորություններ ստանալ և ումից առհասարակ չստանալ։ Facebook-ը ձեզ հնարավորություն է տալիս ընտրել էջերը, որոնց նորությունները ցուցադրում է առաջին հերթին։ Այդ գործառույթից օգտվելու համար սեղմեք «News feed»-ի կողքին երևացող երեք կետերը, ընտրեք «Edit preferences» («Փոփոխել նախընտրությունները»)։ Բացված հատվածում ընտրեք «Prioritize who to see first» և նշեք այն էջերը, որոնց նորությունները ցանկանում եք տեսնել առաջին հերթին։ Կարող եք նաև այնպես անել, որ ընկերներից առհասարակ չստանաք նորություններ։ Պետք չէ անհանգստանալ. ձեր ընտրությունը Facebook-ը գաղտնի կպահի, և ընկերը չի իմանա այդ մասին։

2. Խմբավորեք նորությունների ժապավենը։ Երբ շատ ընկերներ եք ունենում և բաժանորդագրվում շատ էջերի, նորությունների ժապավենը կարգավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Facebook-ում կան այդպիսի գործիքներ։ Ձախ անկյունում կարող եք գտնել ընկերների ցուցակը և հետաքրքրությունները։ Առաջինի օգնությամբ կարող եք ընկերներին դասակարգել և յուրաքանչյուր ցուցակից ստանալ առանձին նորություններ։ Բացի այդ՝ նոր գրառումներ կատարելիս կարող եք դրանք հասանելի դարձնել ընկերների միայն մեկ կամ մի քանի խմբի։ Երկրորդ կոճակի օգնությամբ կարող եք ըստ թեմաների խմբավորել էջերը, որոնց բաժանորդագրվել եք։

3. Գրառումներ կատարեք, որոնք լրացուցիչ ուշադրություն են գրավում։ Եթե ցանկանում եք տեքստ հրապարակել, որը շատ կարևոր է, կարող եք նշում անել։ Սա հրապարակման հատուկ տեսակ է, որը տարբերվում է չափով և խմբագրման լայն հնարավորություններով։ Դա անելու համար բացեք «Notes» («Նշումներ») հատվածը, նոր գրառում կատարելու համար սեղմեք «Write a note» («Նշում կատարել»)։

4. Պահպանեք հետաքրքիր հոդվածների հղումները։ Պատահում են իրավիճակներ, երբ նորությունների ժապավենում հետաքրքիր նյութ եք տեսնում, սակայն այդ պահին ժամանակը չէ դրանք կարդալու համար։ Այս դեպքերում օգնություն է հասնում «Save» կոճակը։ Դրա օգնությամբ կարող եք պահպանել ցանկացած բան և առանց դժվարության գտնել դրանք։ Պահպանված հղումները կարող եք գտնել ձախ հատվածում՝ «Saved» («Պահպանված») հատվածում։

5. Կարևոր տեղեկատվությունը պահպանեք կոշտ սկավառակի վրա։ Եթե պատրաստվում եք ջնջել հաշիվը կամ փոխել այն, կարող է հարկավոր լինել պահպանել որոշակի տեղեկատվություն։ Դրա համար Facebook-ը գործառույթ է ավելացրել, որը հնարավորություն է տալիս հաշվի ամբողջ տեղեկատվությունը պահպանել կոշտ սկավառակի վրա՝ սկսած լուսանկարներից՝ մինչև հաղորդագրություններ։ «Settings»-ի («Կարգավորումներ») «General» («Ընդհանուր») հատվածում կարող եք գտնել «Download a copy of your Facebook data» («Ներբեռնել Facebook-ի տվյալների կրկնօրինակը») հղումը:

6. Օգտագործեք անվտանգության լրացուցիչ կարգավորումներ։ «Login approvals» կետում կարող եք միացնել անվտանգության լրացուցիչ կարգավորումը, որի դեպքում Facebook-ի ձեր հաշիվ մուտք գործելու համար կստանաք կոդեր։ Յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս համակարգը կպահանջի համապատասխան կոդը՝ վստահ լինելու համար, որ հենց դուք եք մուտք գործում կայք։

Կարող եք նաև 3-5 ընկերոջ ավելացնել վստահելի ընկերների ցանկում։ Դա կարող եք անել «Settings»-ի («Կարգավորումներ») «Security» («Անվտանգություն») հատվածում՝ բացելով «Your trusted contacts» հատվածը։ Հատուկ կոդերի օգնությամբ նրանք կկարողանան վերականգնել ձեր մուտքը հաշիվ, եթե չկարողանաք մուտք գործել գաղտաբառը մոռանալու կամ հաշիվը կոտրելու դեպքում։

7. Ընտրեք հաշվի ղեկավար։ Այս «պաշտոնին» նշանակված անձը մուտք կունենա օգտատիրոջ հաշվին նրա մահվանից հետո, կարող է ջնջել հաշիվը կամ վարել այն ցանկալի ձևով։ Դա կարող եք անել «Settings»-ի («Կարգավորումներ») «Security» («Անվտանգություն») հատվածում՝ընտրելով «Legacy Contact» կոճակը։ Նույն հատվածում որպես այլընտրանքային միջոց՝ կարող եք խնդրել հաշվի ջնջում այն բանից հետո, երբ Facebook-ի ադմինիստրացիային կհայտնեն ձեր մահվան մասին։

8. Անտեսանելի դարձեք ընտրված ընկերների համար։ Երբ դուք օնլայն եք, ընկերները դա տեսնում են աջ անկյունում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել դա։ Դրա համար հարկավոր է «Chat»-ի («Զրուցարան») հատվածում ընտրել «Advanced settings» կոճակը։ Կարող եք անտեսանելի դառնալ մեկ կամ մի քանի ընկերոջ կամ ընկերների խմբի համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս