Վոլոնտեի գործի բացահայտումը ԵԽ-ի հեղինակության հարցն է. Corriere della Sera-ի անդրադարձը խավիարային սկանդալին
Իտալական հեղինակավոր Corriere della Sera թերթը կրկին անդրադարձել է Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալին, որում ներգրավված են իտալացի և ադրբեջանցի պատգամավորներ: Թերթը նշում է, որ այդ եվրոպական կառույցին անդամակցած բոլոր պետությունները պարտավորվում են հարգել մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու ժողովրդավարության սկզբունքները, որոնց խախտման դեպքերն անդամ պետություններում պետք է դատապարտվեն, պատժվեն, իսկ ծայրահեղ դեպքում պետք է կասեցվի պետության անդամակցությունն այդ կազմակերպությանը: «Ադրբեջանի 10ամյա անդամակցությունն այդ կազմակերպությանը «խավիարային դիվանագիտություն» հասկացությունն առաջ բերեց: Գրեթե ոչ մի պատգամավորները չի հերքում, որ այդ տարիների ընթացքում ստացել է իր ադրբեջանցի գործընկերներից գոնե մի փոքր կասպիական խավիար»,- գրում է թերթը:
Պարբերականն այնուհետև անդրադառնում է ամենամեծ աղմուկ հանած գործերից մեկին` իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեպքին, երբ վերջինս, լինելով ԵԽԽՎում ամենամեծ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի ղեկավարը, ադրբեջանցի լոբբիստ Սուլեյմանովից ստացել է որպես նվիրատվություն 10 միլիոն եվրո` բաշխված 100 հազարական եվրոյի յուրաքանչյուր ամսվա համար:
Վճարումները սկսվել են 2013թ-ից և իրականացվել են 4 տարբեր ընկերությունների կողմից, որոնք գրանցված են եղել օֆշորային գոտիներում` Բելիզում, Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Վոլոնտեն այս գումարները ներկայացնում է որպես նվիրատվություններ և հրապարակում գրեթե դատարկ հայտարարագիր: Բանկի կողմից այս հարցում ներկայացված կասկածների հիման վրա գործը սկսում է ուսումնասիրել Միլանի դատախազությունը 2014թին, երբ փոխանցումները հասել էին գրեթե 2 միլիոն եվրոյի:
2 տարվա քննությունից հետո Միլանի դատարանը կալանք է դնում այդ գումարների վրա` կասկած հայտնելով, որ այդ գումարը որպես կաշառք վճարվել է Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպայի խորհրդում քաղաքական աջակցության դիմաց: Որպես այդ պնդման ապացույց իտալական պարբերականը նշում է, որ Վոլոնտեն ուղղորդել է իր ղեկավարած քաղաքական խմբին դեմ քվեարկելու Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին գերմանացի պատգամավոր Շտրասսերի զեկույցին, ինչպես նաև ներկայացնում է Վոլոնտեի և ադրբեջանցի պատգամավոր Մուսլիմ Մամմադովի խոսակցությունը, որում Վոլոնտեն նշում է, որ Մամմադովի ցանկությունն «իր համար օրենք է»: Անցած ուրբաթ էլ այս գործը Միլանի դատարանը վարույթ է ընդունել «փողերի լվացման» մասով, սակայն ոչ կոռուպցիայի մասով, քանի որ պատգամավորն ունի անձեռնմխելիություն: Սակայն դատախազն այս հարցով դիմելու է Գերագույն դատարան:
«Այս հարցի պարզաբանումն ավելի կարևոր է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության համար, քանի որ այդ կազմակերպությունը ներկայացնում է այն արժեքները, որոնց համար մենք արյուն և արցունք ենք թափել: Սակայն, միաժամանակ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հետապնդումներն ընդդիմադիրների դեմ, որոնցից հարյուրից ավելի բանտերում են: 2015թ-ին Եվրոպական խորհրդարանը նույնիսկ ընտրությունների դիտորդական առաքելություն չուղարկեց բավարար պայմաններ չապահովելու պատճառով, իսկ այդ երկրի կառավարություն նույնիսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը»,- գրում է թերթը: