«Ռեֆորմիստների» կուսակցությունը ցանկանում է ԱԺ ընտրություններին մասնակցել դաշինքով, բայց առաջարկներ դեռ չունի
Ռեֆորմիստների կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին միայնակ չի մասնակցի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ փոքր քաղաքական ուժ ենք և ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում չենք կարողանալու հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը: Մենք նախընտրում ենք ընտրական պայքարին մասնակցել դաշինքի միջոցով, իսկ թե ինչպիսին կլինի մեր մասնակցության ձևաչափը, կերևա առաջիկա քննարկումների և քաղաքական զարգացումների արդյունքում»,- ասաց Բաբայանը:
Նա հավելեց, որ կուսակցությունն այս պահի դրությամբ այլ քաղաքական ուժերից դաշինքներ կազմելու առաջարկներ չի ստացել: Բաբայանը հիշեցրեց, որ իրենք արդեն հայտարարել են, որ կուսակցությունը պետականամետ է և սատարում է ՀՀ նախագահի քաղաքականությունը, բայց հավելեց, որ ընդդիմությունից դաշինք կազմելու վերաբերյալ առաջարկներ պատրաստ կլինեն քննարկել:
Նա նշեց, որ իրենք հարգանքով են վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին և կողմնակից են, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի մթնոլորտում: