Բաժիններ՝

Տիգրան Թամամյանը նշանակվել է Արաբկիրի քննչական բաժնի պետ

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հունվարի 30-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 43-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ է նշանակվել Տիգրան Թամամյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Նույն օրն Ա.Հովսեփյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Արաբկիրի քննչական բաժնում եւ ներկայացրել Տ.Թամամյանին։ ՀՀ ՔԿ նախագահը կարեւորել է աշխատանքային կարգապահությունը եւ հանձնարարականներ տվել քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ա.Հովսեփյանը ընդգծել է յուրաքանչյուր քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործերով ինքնուրույնության ու պատասխանատվության դրսեւորման կարեւորությունը։

«Քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, ինչը պետք է դրսեւորվի քրեական գործերով բազմակողմանի քննության ապահովմամբ, բոլոր հանգամանքների անկողմնակալ հետազոտմամբ՝ ձեռք բերելով թե՛ մեղադրող եւ թե՛ արդարացնող ապացույցները։ Յուրաքանչյուր գործով քննիչը պետք է կարողանա դրսեւորել իր անկախությունը՝ ի շահ քրեական գործի քննության, օբյեկտիվ իրականության բացահայտման»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ անընդունելի համարելով դատավարական լիազորությունների չարաշահումը եւ նշելով, որ նման խախտումներ արձանագրվելու դեպքում կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս