Կանադական մզկիթում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Նվազագույնը 6 մարդ է զոհվել Կանադայի Քվեբեկ նահանգի մզկիթում հարձակման հետևանքով, ևս 8 մարդ վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Երկրի իշխանությունները տեղի ունեցածը բնորոշել են որպես ահաբեկչական հարձակում։
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մզկիթի վրա հարձակումը անվանել է «ստոր»։
«Կանադան սգում է Քվեբեկի մզկիթում այդ ստոր հարձակման զոհերի հիշատակը։ Իմ մտքերը զոհերի ու նրանց ընտանիքների հետ են»,- գրել է Տրյուդոն Twitter-ում։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք Քվեբեկում երեկոյան աղոթքի ժամանակ ներխուժել էին մզկիթ ու հրաձգություն բացել։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ այդ պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ։
ԶԼՄ-ները հայտնում են 2 կասկածյալի ձերբակալելու մասին։