«Չէինք ուզենա միանալ աղբատար մեքենային՝ ընտրություններին մասնակցելու համար». Գառնիկ Իսագուլյան

«Մեզ համար անչափ կարևոր են, որ դաշինքները տեխնիկական բնույթ չունենան, շատ կարևոր է, որ ծրագրային, գաղափարական և պետականության հետագա զարգացման հետ կապված ընդհանրական մոտեցումներ լինեն, որի պարագայում մենք անպայման որևէ դաշինքի կմիանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ դեռևս գնում է դաշինքների ձևավորման գործընթացը, բանակցություններն ընթանում են. «Բայց մեզ համար անչափ կարևոր է, որ այդ երեք գործառույթներն անպայման առկա լինեն, որովհետև իմ դիտարկմամբ՝ դաշինքները հիմա ձևավորվում են զուտ տեխնիկական տեսանկյունից ելնելով, և դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ աղբատար մեքենան գնում է ու իր մեջ լցնում ու տանում է: Մենք չենք ուզում նման իրավիճակում հայտնվել, երբ նախկինում տարբեր դաշինքներով, միավորումներով Ազգային ժողով անցած կամ չանցած կուսակցությունները, միավորումները, հիմա հանկարծ զուտ նույն խնդիրը լուծելու՝ ԱԺ անցնելու համար, կարող են այլ միավորումների հետ գնալ ընտրությունների, որոնց հետ նախկինում ունեցել են բավականին լուրջ տարաձայնություններ, ընդ որում՝ հակասություններ: Պատկերավոր ասած, չէինք ուզենա միանալ աղբատար մեքենային՝ ընտրություններին մասնակցելու համար»:

Գ. Իսագուլյանը նշեց, որ բանակցություններն ընթանում են, բայց իրենց համար սկզբունքներ կան, որոնք եթե չբավարարվեն, իրենք դաշինքին միանալու անհրաժեշտություն չունեն, քանի որ իրենց խնդիրն ԱԺ-ում հայտնվելը չէ, իրենց համար խնդիրն ընդհանրական պատկերացումներով ինչ-որ խմբի հետ գնալն է, որ հետագայում կարողանան շատ հարցեր լուծել:

«Ես չեմ թաքցրել իմ դրական վերաբերմունքը 2015 թվականի շարժման ժամանակ, որտեղ ես հստակ ասում էի, որ իմ նախասիրությունը Գագիկ Ծառուկյանն է և իր կողմից առաջնորդվող ուժը: Այն ժամանակ հստակ քաղաքական ուժեր կային: Դրանք քաղաքական, հասարակական կազմակերպություններ էին, որոնք ունեին հստակ դիրքորոշում, և շատ հստակ էր, թե ինչ խնդիր պետք է լուծեին: Հիմա պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ նոր ուժեր կարող են հայտնվել, ովքեր են միանում կոնկրետ դաշինքների, և եթե տեսնենք, որ դա խայտաբղետ դաշինք է, որտեղ ոչ մի ընդհանրություն չկա, դաշինք է զուտ դաշինքի համար, նրա համար, որ մարդիկ մտնեն ԱԺ, որոնք նախկինում դավանել են այլ դաշինքների, սկզբուքների, մենք նման դաշինքների միանալու ցանկություն չունենք»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Մեր դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի հետ, խոսակցություններ կան, որ Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանն էլ են բանակցում Գագիկ Ծառուկյանի հետ՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց.

«Կոնկրետ այդ պարագայում ինձ համար որպես սկզբնակետ 2015 թվականի փետրվարի 12-ից հետո դիրքորոշումն է: Ես, քանի որ անձամբ մասնակցել եմ այդ ամեն ինչին, ականատես եմ եղել, թե ինչ է տեղի ունեցել, և փետրվարի 12-ից հետո ովքեր են կարողացել մնալ իրենց սկզբունքների վրա և պաշտպանել են այդ սկզբունքները մինչև վերջ, և հիմա եթե պարզվի, որ այն ժամանակ ունեցել են միանգամայն ուրիշ դիրքորոշում, բայց հիմա քանի որ առիթ է, որ մարդը հայտնվի արտոնյալ կարգավիճակում, փոխել են իրենց տեսակետը, բնական է, որ դա արտաքուստ փոփոխություն է, և միանում են և ստեղծում են շիլաշփոթ: Բնականաբար, մենք կմերժենք նման դաշինքներին միանալը: Մենք կցվում ենք ինչ-որ բանի, որտեղ ժողովուրդը որոշակի ակնկալիքներ ունի, բայց նրանք, ովքեր միանում են այդ ուժին, արդյո՞ք այդ նույն խնդիրներն ու նպատակներն ունեցել են, եթե՝ ոչ, բայց նրանց ընդգրկում են, նշանակում է՝ նա, ով այդ քաշիչ ուժն է, նրա նպատակներն էլ այլ են, ոչ թե այն, ինչի մասին մարդիկ ժողովրդին հայտարարել են»:

Տեսանյութեր

Լրահոս