«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը մերօրյա իրականության, մեր պատերազմի, մեր երազանքների և առհասարակ մեր մասին է: Առաջին ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչն էլ պրոդյուսերներին և ռեժիսորին ստիպեց մտածել 2-րդ ֆիլմի ստեղծման մասին: «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը «Կյանք ու կռիվ»-ի շարունակությունն է: Այստեղ կգտնեք սիրված հերոսներին արդեն 25 տարի անց: Երիտասարդ սերնդի դերասաններին փոխարինելու են եկել իրենց ավագ գործընկերները: Կինոնկարն արդեն մեծ էկրաններին է: Լրագրողների և հատուկ հյուրերի համար երեկ կայացած ֆիլմի փակ դիտմանը հաջորդեց բավականին աշխույժ և հումորով լի ասուլիս:
Նախքան ասուլիսին անրադառնալը՝ մի քանի հետաքրքիր դիտարկում ֆիլմի վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են դիտել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, ապա ի սկզբանե մոռացեք, թե տեսնելու եք առաջին ֆիլմի ուղիղ համեմատականը: Սա բոլորովին այլ ֆիլմ է՝ այլ պատմություն, և պետք չէ համեմատել, որքան էլ որ դժվար լինի: Այն իրականությունը, այն Երևանը, այն մարդկային տեսակներն ու ճակատագրերը, որոնք կային առաջին ֆիլմում, մեր մասին էին և մենք էինք՝ իր հերոսներով և հակահերոսներով հանդերձ: Իսկ մենք սիրում ենք դիտել մեր և մեր նմանների մասին ֆիլմեր՝ հատկապես, երբ այդ ամենն արդեն պատմություն է:
Այն իրականությունը, որ ներկայացված է երկրորդ ֆիլմում, կարծես դեռ չենք «մարսել»: Այն դեռ մեզ հետ է՝ օրվա լրահոսի պես: Ապրիլյան պատերազմ, սելֆի անող «գեղցիներ», իրենց ժամանակի հերոսներ, ովքեր այսօր երկրի գլխավոր գռփողներն են դարձել, ժամանակին պատերազմին չմասնակցած մարդու խղճի ու պարտքի միահյուսված զգացողություն, իրական հերոս, ով կարիք չունի հերոսացման և ամեն անգամ դժոխք է գնում՝ մտածելով միայն իր կնոջ և երեխայի մասին, և, իհարկե, ազգի տականքներ, ովքեր ֆիլմում ստանում են իրենց պատիժը: Բայց, ավաղ, միայն ֆիլմում:
Մհեր Մկրտչյանը չէր լինի Մհեր Մկրտչյան, եթե նրա ֆիլմում ողբերգության հետ զուգահեռ՝ չքայլեր հանդիսատեսին տապալող հումորը: Անգելա Մերկելի «պուպուլին» մեռնելու կենացից՝ մինչև իրավիճակային և շատ նուրբ հումորային երկխոսություններ…
Երբ ֆիլմի ավարտին մնացել էին հաշված րոպեներ, և ֆիլմի հերոսն «ուր որ է» այն աշխարհ էր գնում, մի քանի վայրկյան լուռ դահլիճում սև էկրան էր, իսկ հանդիսատեսի մտքում՝ միայն մի բան. «Մհեր Մկրտչյանն ուղղակի սադիստ է, և նրան «սպանել» է պետք»: Սակայն, երևի թե այդ միտքը Մհերի մոտ ևս առաջացել էր, և այս ֆիլմի հերոսը, ի տարբերություն առաջինի, ողջ է մնում: Սև էկրանին հաջորդում է հիվանդանոցում պառկած վիրավոր հերոսի տեսարանը, իսկ դահլիճում հնչում է մի խումբ կանանց՝ մեծամասամբ կանանց, սփոփված հոգոց: Ակնհայտ է դառնում, որ երկրորդ հերոսի մահը ռեժիսորին հանդիսատեսն այս անգամ արդեն ուղղակի չէր ների:
Քրիստինե Մարտիրոսյան