Բաժիններ՝

«Հայկական ազատ տնտեսական գոտում աշխատում են թուրք ոսկերիչներ. տեսեք՝ ի՜նչ լավ օգուտ ենք տալիս Հայաստանին». ահազանգում է տնտեսագետը

«Նախարարը դուրս է գալիս ու ասում՝ գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալները մի քանի անգամ աճել են. լավ, ինչո՞ւ եք խաբում մեզ, չգիտե՞ք, որ չեն աճել: Հանցավոր ռեէքսպորտ (վերաարտահանում) է կատարվում. դուք ինչո՞ւ եք խոսում գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների մեծացման մասին, երբ գիտեք, որ դրա տակը մաքուր չէ: Գոնե, եթե ցույց տային, որ ներմուծում, իսկ հետո՝ վերաարտահանում կա, էլի կհամաձայնեի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց տնտեսագետ  Վահագն Խաչատրյանը՝ նկատելով, որ Թուրքիայից որոշակի գյուղատնտեսական արտադրանք է արտահանվում դեպի Հայաստան, Հայաստանում չի ֆիքսվում, նույնը՝ նաև Լեհաստանից:

«Եթե մենք պետք է շարունակենք խաբել, հավատացնում եմ, որ 92 միլիոն դոլար ներդրումները, որ կան, դրանք էլ չեն լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այդ մակարդակում հասարակ են դառնում, քանի որ նշված ապրանքների վրա դրվում է հայկական մակնշում և ուղարկվում ռուսական շուկա:

Հարցին՝ ռեէքսպորտից Հայաստանի տնտեսությունը շահո՞ւմ է, թե՞ ոչ, նա այսպես պատասխանեց. «Կարող է և առանձին մարդիկ կամ մարդկանց մի որոշակի խմբեր ռեէքսպորտի արդյունքում եկամուտներ ունենան: Բայց այդպիսի ռեէքսպորտը մեր տնտեսությանը վնաս է հասցնում, սա աքսիոմատիկ է: Ինձ համար ամենամեծ անհանգստությունն այն է, որ ընդհանրապես պատկերացում չկա մեր զարգացման մասին»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանն էլ պատասխանեց վերոնշյալ հարցին՝ բերելով Մերիդիան ազատ տնտեսական գոտու օրինակը: Նա նշեց, որ հայ ոսկերիչները կանգնած են երկընտրանքի առաջ՝ կամ պետք է աշխատեն այդ ազատ տնտեսական գոտում, կամ պետք է հարկեր վճարեն, որոնցից ազատված է վերոնշյալ գոտին.

Կարդացեք նաև

«10 հազարից ավելի տնտեսվարողներ այդ երկընտրանքի առաջ են: Խտրական վերաբերմունքի պատճառով այդ ազատ գոտու տերն ազատված է հարկերից: Այնտեղ գրանցված է մեկ ձեռնարկություն, և պարզվում է, որ Հայաստանում, որտեղ ոսկերչությունն այդքան զարգացած է, ոսկերիչների թիվը շատ պակաս է, քանի որ այնտեղ աշխատում են թուրք ոսկերիչներ. տեսեք՝ ի՜նչ լավ օգուտ ենք տալիս Հայաստանին: Թուրքիայից ներկրում են ոսկերչական իրեր, արտահանում են Ռուսաստան այն պայմաններում, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ էր կիրառում Թուրքիայի նկատմամբ: Սա արդեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական լուրջ խնդիր է  և սկանդալ է առաջացրել: Եվ սա կոչվում է ռեէքսպորտ, այսինքն՝ սրա հաշվին արհեստականորեն մեր արտահանումը դեպի Ռուսաստան աճում է: Խնդրեմ, տեսեք՝ ինչո՞վ է զբաղվում այդ ազատ տնտեսական գոտին, ինչքան վնաս է հասցրել այդքան տնտեսվարողներին: Ինչո՞ւ է լռում կառավարությունը, չե՞ն կարող գնալ՝ իրենց սխալն ուղղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս