«Նախկին պաշտոնյա լինելը հանցագործություն չէ»

«Այն, ինչ կատարավում է իշխող ՀՀԿ-ում այս օրերին, ես կարծում եմ՝ սա ընդամենը բաժինը չկիսելու հարաբերություններ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը։

Ըստ Մ. Թանդիլյանի՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու պատճառը կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնը չկիսելն էր. «Որպես քաղաքական գործընթաց՝ դա ինձ՝ որպես «Ելք» դաշինքի անդամի, չի հետաքրքրում, որովհետև այս մարդիկ կլինեն որևէ այլ ուժերի հետ, որևէ այլ վերադասավորումներով կներկայանան հանրությանը, ինձ համար որևէ տարբերություն չկա, որովհետև ես տեսնում եմ այդ բոլոր մարդկանց հավաքական կերպարը, որի դեմ ես և իմ գործընկերները պայքարելու ենք այս ընտրությունների ժամանակ։ Մենք պայքարելու ենք քաղաքական սերնդափոխության համար, մենք ուզում ենք, որ Հայաստանը վերջապես ունենա այնպիսի գործիչներ, որոնք մշակութային մտածելակերպի տարբերություն են ունենալու բոլոր  գործող քաղաքական գործիչներից և ուժերից»։

Մ. Թանդիլյանը ցավ հայտնեց, որ իրենց նման մարդիկ Հայաստանում շատ քիչ են, բայց նշեց, որ իրենք պայքարում ենք, որ նրանք շատանան, և իրենք լսելի դառնան. «Որովհետև այն լծակները, որոնք ունեն մեր մրցակիցները (ինձ համար դա իշխող ՀՀԿ-ն է), մենք չենք ունենալու, և շատ դժվար է լինելու հասնել մարդկանց։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ իրավագիտակից քաղաքացին, ով ուզում է ընտրություն, այս ընտրությունների ժամանակ ունենալու է «Ելք» դաշինքի տեսքով։ Այսօր ՀՀԿ-ն է պատասխանատու և մեղավոր այն համակարգի համար, ինչ կա մեր երկրում, կուսակցության այն անհատները, որոնք լքում են և նաև մաս են կազմել այս ամենին, ևս նույն կերպարն են ինձ համար, և նրանց մեջ որևէ տարբերություն ես չեմ տեսնում։ Այսինքն՝ կլինի Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի՞ց, թե՞ մեկ այլ կուսակցությունից, նա այն մարդկանցից է, ովքեր կառուցել են Հայաստանը, որից ես՝ որպես քաղաքացի, դժգոհ եմ եղել երկար տարիներ, այդ մարդկանց հետ ես չեմ պատկերացնում որևէ կերպ աշխատանք»։

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը շարունակելով Մ. Թանդիլյանի խոսքը՝ նշեց, որ խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք հրաժարական են տվել և ընտրություններից անմիջապես 2-3 ամիս առաջ կուսակցություն են կազմում. «Խոսքն այն ուժերի մասին չէ, որոնք ժամանակին եղել են իշխանության մեջ, հետո ընդդիմություն են դարձել։ Կուսակցությունը պետք է լինի իշխանություն, հետո՝ ընդդիմություն, հետո՝ նորից իշխանություն, բայց այն, ինչ դուք եք ասում, ես համաձայն եմ»։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ, որն աջակցում է Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի դաշինքին, կարծիք հայտնեց, որ ցանկացած պահի, երբ մարդը ՀՀ-ն բարեփոխելու հայտ է ներկայացնում, իշխանափոխություն անելու, պետք է նման հնարավորություն տրվի։

«Ինձ համար հիմա զորակոչ է հայտարարված։ Հայաստանի Հանրապետությունը ծանր տնտեսական, սոցիալական, քաղաքական վիճակում է, հիմա փոխե՞նք վիճակը, թե՞ չփոխենք։ Քաղաքացիները ներկայանում են, ասում են՝ ես պատրաստ եմ փոխել, մեկը նախկին պաշտոնյա է, մյուսը հավակնում է դառնալ պաշտոնյա, կարծում եմ՝ մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ուզում են փոփոխություններ անել, պետք է մասնակցեն այդ փոփոխությունների աշխատանքին։ Մենք այդ կանխավարկածը հանցագործների պետք է հանենք, որովհետև, վերջին հաշվով, պարզվում է, որ բոլոր ներկա իշխանություններն ինչ-որ ժամանակ հետո դառնում են նախկին իշխանություն։ Ես ինքս էլ 10 տարի պատգամավոր եմ եղել, փոխքաղաքապետ եմ եղել, ես հիմա չեմ կարող ասել, որ ես ավելի լավն եմ, որովհետև 20 տարի առաջ պաշտոնից հեռացել եմ, ուրեմն ավելի մաքուր եմ, քան ներկաները։ Մեր աշխատանքի արդյունքով պետք է դա գնահատվի։ Եթե մեկը չարաշահել է իր պաշտոնը, ուրեմն պետք է պատժվի օրենքով, բայց նախկին պաշտոնյա լինելը հանցագործություն չէ»,- նշեց Ա. Արշակյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս