«Ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը միջազգայնորեն ճանաչված բրենդ լինի». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման 118 օրը։ Նախարարը կարևորեց իր երկու աշխատանքային այցերը Պաշտպանության բանակ, որտեղ մանրամաս քննարկվել են խնդիրները, ծրագրերը, անելիքները, Երևանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ է եղել, կայացել են իր պաշտոնական այցերը Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան, Վրաստան, օրերս կմեկնարկի պաշտոնական այցն Իրան։

Վիգեն Սարգսյանը կարևորեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի զարգացման ծրագիրը։ Նա ասաց, որ գլխավոր նպատակը վարժարանն այս տարվա ընթացքում Հայաստանի ամենաառաջատար և ամենաուժեղ ավագ դպրոցը դարձնելն է։ Նա համոզմունք հայտնեց, որ առանց ուժեղ սպայական անձնակազմի, ամենակիրթ, հմտությունների ծավալ ունեցող սպայական անձնակազմից, աշխատանքն արդյունավետ չի լինելու։

Վիգեն Սարգսյանն ասաց նաև, որ դիմել է նախագահին՝ քննարկելու Դիլիջանում կառուցված ՊԵԿ ուսումնական կենտրոնը Մոնթե Մելքանյանի անվան ռազմական վարժարանին հանձնելու հարցը՝ որպես նոր վայր՝ ուսումը կազմակերպելու համար։ «Իհարկե, նաև լայն քննարկում եղավ հասարակության շրջանում, թե արդյո՞ք հարմար է «7 աստղանի հյուրանոցի» փոխանցումն այդ կենտրոնին։ Ես առիթ ունեցել եմ ձեր գործընկերներից հրավիրել այնտեղ, և էլի կկազմակերպենք նման այց ձեզ համար, դուք կտեսնեք, որ ոչ 7, ոչ էլ 5 աստղանի հյուրանոց չէ։ Դա շատ լավ ուսումնական կենտրոն է՝ կառուցված շատ մտածված ձևով։ Ես առաջարկեցի, և շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ ընդունեցին առաջարկը, և նման որոշման կայացումը գրեթե մոտեցել է վերջնական փուլին»։

Վիգեն Սարգսյանը կարևորեց զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ապահովագրման հիմնադրամի ստեղծումը, ինչպես նաև գնումների ընթացակարգերում լուրջ վերանայումներ կատարելը։

Կարդացեք նաև

«Մենք ինքներս պետք է կարողանանք ձևավորել ավելի հստակ ընթացակարգեր, որոնք անհնար են դարձնում կոռուպցիոն ռիսկերը գնումների կազմակերպման և իրականացման ժամանակ»,- ասաց պաշտպանության նախարարը։ Նա նշեց, որ պատժի տեսակները տարբեր են, սահմանված են օրենքով, յուրաքանչյուր դեպքի ետևից գնում են, շարունակելու են գնալ, իսկ այն դեպքերում, երբ համապատասխան մարմինները համարեն, որ հանցակազմ կա, քրեական գործ հարուցելու հիմքեր, Պաշտպանության նախարարությունը շահագրգիռ կողմ է լինելու՝ տեսնելու, որ արդարադատությունն իրականացված է այն անձանց նկատամամբ, ովքեր «փորձել են ապօրինի հարստանալ սահմանին կանգնած զինվորի հաշվին»։

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ կարողացել են մի շարք ծրագրերի սկիզբ տալ, որոնք միջնաժամկետում կարող են արդյունքներ տալ։ Նախարարի խոսքով՝ հավաքակայաններում արդեն իսկ նորամուծություներ են կատարվել, չեն բավարարվում այսքանով, մինչև ամառային զինակոչ ևս մեկ քայլ առաջ պիտի անեն։

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև զինվորական կոշիկների որակին։

«Մենք Հայաստանում միշտ կոշկագործության ավանդույթներ ենք ունեցել, և ես ուզում եմ, որ հայկական բանակի կոշիկը միջազգայնորեն ճանաչված բրենդ լինի, որպեսզի այն հաճույքով հագնեն ոչ միայն մեր զինվորները, այլև քաղաքացիական անձինք, որպեսզի այն լինի հարմարավետ, հասու իր գնով»,- ասաց պաշտպանության նախարարը՝ նշելով, որ այս առումով մեկ քայլ արել են, նոր պատվիրած կոշիկները կտարբերվեն իրենց որակով, բայց դա չի գոհացնում, ցանկություն կա մինչև տարվա վերջ նոր մոդել ունենալ՝ ավելի որակյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս