ՏՄՊՊՀ-ն մի շարք տնտեսվարողների ազատում է համակենտրոնացումների դեպքում հայտարարագրվելու գործընթացից

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, կարևորելով բիզնեսի համար առավել նպաստավոր գործունեության պայմանների ապահովումը, փոփոխություն է կատարել համակենտրոնացումների պարտադիր հայտարարագրման կարգում:

Փոփոխության արդյունքում հարյուրավոր տնտեսվարողներ համակենտրոնացումների, այլ կերպ ասած՝ միավորումների  և միաձուլումների դեպքում կազատվեն ՏՄՊՊՀ դիմելու և պարտադիր հայտարարագրում անցնելու ընթացակարգից: Այս մասին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից:

Մասնավորապես, մինչ այսօր գործող օրենսդրության համաձայն, երբ խոշոր ընկերությունները ձեռք են բերում այլ ընկերությունների փայաբաժիններ, ակտիվներ, կամ էլ երբ տեղի է ունենում խոշոր ընկերությունների միավորում, վերջիններս պարտավոր են թույլտվություն ստանալու նպատակով դիմել Հանձնաժողով:

Նշված ընթացակարգի նպատակն է հսկել և անհրաժեշտության դեպքում արգելել այն գործարքները, որոնք ռիսկային են և հետագայում  կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը առանձին շուկաներում: Սակայն, Հանձնաժողովի կողմից վերջին շրջանում կատարված ուսումնասի րությունները ցույց են տալիս, որ հայտարարագրման համար սահմանված շեմերը ցածր են, որի արդյունքում Հանձնաժողով են դիմում նաև այնպիսի ընկերություններ, որոնց կողմից կատարվող գործարքները մրցակցության առումով ռիսկային չեն և չեն կարող շուկայում որևէ խնդիր առաջացնել: Վերոնշյալի հիման վրա, Հանձնաժողովի կողմից ներկայումս սահմանվել են ակտիվների և հասույթների հետևյալ շեմերը.

  • հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն մեկ միլիարդ դրամ.
  • հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ  դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.
  • ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երկու միլիարդ դրամ.
  • ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում՝ առնվազն երեք միլիարդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս