
Տիգրան Սարգսյանը Հունաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում քննարկել է ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողով կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Ինչպես տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հունաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել նաև ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը: Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր երկիրը պատաստ է աջակցել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կառուցողական և փոխշահավետ հարաբրությունների հաստատման ուղղությամբ: Ցիպրասը նաև շեշտել է, որ «Հունաստան-ԵԱՏՄ» բիզնեսֆորումի անցկացումը կարող է նոր հորիզոններ բացել առևտրային և արդյունաբերական զարգացման համատեքստում:
«Հունաստանը ԵԱՏՄ ավանդական առևտրային գործընկերն է, սակայն ներկայում հենց հույն գործարարների համար նոր հնարավորություններ են բացվում ԵԱՏՄ շուկայում: ԵՏՀ կատարած աշխատանքի շնորհիվ առաջիկայում կձևավորվի նույնական տեխնիկական կարգավորումներով ընդհանուր շուկա: 180 միլիոն բնակչություն ունեցող տարածքում արդեն իսկ գործում է բոլորի համար նույն Մաքսային օրենսգիրք, ինչն էլ նշանակում է, որ մեր արտասահմանցի գործընկերները մանեվրելու և արդյունավետ ծրագրման համար հնարավորություններ են ստանում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյան շնորհակալություն է հայտնել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարցում այդ երկրի միանշանակ դրական դիրքորոշման համար:
«Կարծում ենք, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության հաստատումը շատ կարևոր է և կարող է բացառիկ դրական ազդեցություն ունենալ նաև ԵՄ անդամ առանձին երկրների և ԵԱՏՄ համագորակցության վրա»,- նշել է Պավլոպուլոսը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգիոս Կատրուգալոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյանն աջակցություն է հայտնել հունաեվրասիական խորհրդի ստեղծման առաջարկին: