
ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ առաջիկա ընտրությունները լինեն լավագույնը նորանկախ Հայաստանի պատմության մեջ

Հայաստանի Հանրապետական կուսակցության համար կենսական նշանակություն է 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական բնույթը: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերի ավարտից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով նիստի ընթացքում ՀՀ Նախագահի ելույթի հիմնական թեզերը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները լինեն ընտրական օրենսգրքի թեզերին համապատասխան և համապատասխանեն ժողովրդավարության և միջազգային չափանիշներին»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ իշխանությունը ընդդիմության հետ հասել է քաղաքական կոնսոլիդացիայի, որը պատմական ձեռքբերում էր: «Դա պատմական ձեռքբերում էր, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրությունները լինեն լավագույնը մեր պատմության մեջ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը նշեց, որ վերահաստատում են՝ ՀՀԿ-ն հայաստանյան ներքաղաքական օրակարգի հիմնական ձևավորող ուժն է: «Հանրապետականն է քաղաքական գործընթացների առաջամարտիկը: Հանրապետականն է մնում փոփոխությունների և բարեփոխումների տանող հիմնական ուժը»,- եզրափակեց Շարմազանովը: