
ՀՀ-ում հնարավոր է դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով

Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով:
«Որոշմամբ առաջարկվում է կանոնակարգել կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային եղանակով գրանցման հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել էլեկտրոնային դրամարկղային գրքի ձևը»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր կլինի 2018թ.-ից: Վարչապետն առաջարկեց վերանայել սահմանված ժամկետը և հնարավորոււթյան դեպքում այդ գործընթացին անցումն ավելի շուտ ապահովել: