Բաժիններ՝

Կառավարությունը գնում է հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ

ՀՀ կառավարությանն հավանությանն արժանացած «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ծրագրի առաջին փուլի նպատակն էր զարգացնել նորաձև արտադրանքի ամբողջական մի շղթա` իր մեջ ներառելով շուկայի ժամանակակից միտումները և հայկական ու համաշխարհային նորաձևության ավանդույթները: Կարայանի խոսքով` դրա շրջանակում ստեղծվել են տեխնիկական տեղական կարողություններ՝ ՓՄՁ-­ների զարգացմանը և արդիականացմանն աջակցելու ու հայկական տեքստիլի և հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով:

«Ծրագրի երկրորդ փուլն իր աշխատանքները կուղղի վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև: Արդյունքում տեքստիլ/հագուստ և կոշիկի/կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-­ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ»,­- ասաց Կարայանը:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ նախարարը նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: «Քայլեր ենք իրականացնելու այդ ճյուղի զարգացման ուղղությամբ. կստեղծվեն կենտրոններ, կմշակվի ու կներկայացվի ծրագիր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի արտահանման ներուժ ունեցող այս ոլորտում արտադրանքի մրցունակությունը բարձրացվի»,­- ընդգծեց նախարարը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ծրագիրը բիզնես միջավայրի հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել: Կարայանը տեղեկացրեց, որ այն ոչ միայն քննարկվել է մասնավոր հատվածի հետ, այլև ծրագրով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ, որում կընդգրկվեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոլորտը ներկայացնող ՀԿ­-ների ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս