Վլադիմիր Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանն առողջական խնդիրների պատճառով օրերս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ դեռևս պաշտոնավարման երկրորդ ամսից սկսած նախարար Ամիրյանը մեկնարկել էր մթնոլորտի առողջացման ծանր ընթացակարգը. «Մենք փորձում ենք առողջացնել մթնոլորտը, որի ընթացքում, բնականաբար, կլինեն ցավոտ կետեր, և մենք սեղմելու ենք այդ ցավոտ կետերին, որպեսզի կարողանանք լուծումները ճիշտ գտնել»:
Ա. Ամիրյանի այս հայտարարությանն անմիջապես հաջորդել էր Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումը, որն ահազանգում է՝ ՀՀ մշակույթի նախարարության բոլոր վարչություններում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, նաև՝ կրճատումներ։ Նույն օրը նախարարությունում հերթական խորհրդակցության ընթացքում Արմեն Ամիրյանը տեղեկացրել էր նաև, որ անհրաժեշտ է աուդիտ ծրագրել նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում, իսկ առավել խոշորներում՝ միջազգային աուդիտ:
Նույն խորհրդակցության ընթացքում նախարարը հայտարարել էր այն մասին, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված խախտումների հիմքով արդեն իսկ աշխատանքից ազատել է վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին: