«Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը». Ռուբեն Մեհրաբյան

«Ակնհայտ է, որ իշխանության մեջ կան առնվազն մրցակցող ազդեցության խմբեր, երկրորդ՝ ինքը՝ իշխանությունը, իր համար ուզում է այնպիսի մրցակից ընտրել, որն իր պայմաններով կգա ու կմրցակցի իր հետ, դրա դիմաց կստանա ինչ-որ մի բան, բայց, բնականաբար, իշխանությունը բոլոր պարագաներում կմնա հաղթող: Ինչպես մարտը՝ բռնցքամարտիկի և առաստաղից կախված տանձի միջև: Իշխանությունը որոշել է, թե ով է լինելու տանձ Nօ 1-ը, տանձ Nօ 2-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ հենց իշխանությունն ուզում է կանխել երրորդ ուժերի մուտքը, ինչի համար էլ, ըստ փորձագետի՝ ամբողջ պրոցեսը վերածում է կրկեսի.

«Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ քաղաքական գործընթացը՝ նախընտրական պայքարը, զուրկ է քաղաքական բովանդակությունից: Մենք հիմա ականատեսն ենք քաղաքական պրոցեսի ապաքաղաքականացման, և ընտրությունը՝ չընտրության վերածելուն, որի գլխավոր շահառուն իշխանությունն է»:

Ըստ փորձագետի՝ իշխանությունից հեռացած պաշտոնյաները մնում են իշխանական բուրգի մեջ, գործող համակարգում.

Կարդացեք նաև

«Քանի կարմիր գծերը հատված չեն, կա որոշակի ազատության միջանցք, որի մեջ կգործեն այդ անձինք: Երբ փորձեն հատել կարմիր գծերը, իշխանությունը նրանց գլխին «կբամփի»: Մենք տեսնում ենք, որ նաև ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ բարյացակամությամբ են արտահայտվում այդ մարդկանց նկատմամբ»:

Փորձագետն ընդգծեց՝ իշխանությունը սկսել է բախվել «պրոբլեմ 2018»-ին.

«2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը. ո՞վ է լինելու իրական իշխանությունը Հայաստանում: Այդ հարցի պատասխանն այսօր չկա, և այդ ապրիլի ընտրություններն էլ չեն տալու, որովհետև ամեն ինչ արվելու է, որ ստացվի ռուսական Գոսդումայի ինչ-որ մի մակետ, լինի չափավոր գժանոց, կրկես: Բայց այս ամենը, անխուսափելիորեն, բախվելու է ֆորս-մաժորի, որովհետև պարզ չի լինելու՝ ով է 2018-ի մայիսին լինելու իրական իշխանությունը Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս