Ներդրվել է շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են  կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ­յու­նավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից.

«Նրանք կարող են մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթակա հարկը պակասացնելու համար, ընդ որում, այն կատարելու համար այլևս չի պահանջվում մատակարարներին կատարել վճարում»: Տնտեսվարողները փաստում են՝ նոր փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում շրջանառու ֆինանսական միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը, ըստ հարկի վճարողի՝ ընկերությունը 2016 թվականի ընթացքում իրականացրել է 27 միլիարդ  դրամի արտահանում, ինչի համար այդ ապրանքերը ներմուծելիս սահմանին վճարել է 1.4 միլիարդ դրամի ԱԱՀ: Իսկ այս տարի արդեն այդ գումարները կուղղվեն ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի ­վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխա­տանք­ների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտ­ների երկու տոկոսի չափով:

«2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից: Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակն­կա­լում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրա­նով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումար­ները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ­յու­նավետու­թյունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Տնտեսվարողների դիտարկմամբ՝ շահույթ չունենալու պարագայում կարող են օգտվել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգից. «Նախկինում կանխավճարներից խուսափելու նպատակով ստիպված փակում էինք ընկերությունը, ինչն իր հերթին որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսվարողի համար: Այժմ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը թույլ կտա նաև խնայած ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության խթանմանը»:

Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կար­գով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժա­նա­ցած ծրագիր իրականացնող ռեզի­դենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետու­թյուն­նե­րից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտա­հան­վում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետու­թյուններ):

«Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ և հետ  էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու և չի էլ վերադարձվելու, ինչը ևս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Տեսանյութեր

Լրահոս