«Երեկ մի քանի ընկերներ ինձ հարցրին՝ Հովիկ Աբրահամյանի գլխին սարքեցի՞ր». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ նա համագործակցում է այն քաղաքական ուժերի հետ, որի ներկայացուցիչները նպատակահարմար են համարում Գագիկ Ծառուկյան դաշինքի հետ համագործակցությունը, որքանո՞վ է նպատակահարմար համարում իր և Ծառուկյան դաշինքի համագործակցությունը, ասաց, որ անկախ նրանից, թե անցյալում տարբեր խնդիրների հետ կապված ինչ գնահատականներ են տվել այս կամ այն քաղաքական ուժի գործչին, վերջին շրջանում իրենց արած հիմնական շեշտադրումն այն է, որ ժողովրդավարությունը վերաբերում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ու քաղաքական ուժերին.

«Ընդունո՞ւմ ես ռուսամետներին կամ եվրոպամետներին, թե՞ ոչ, այստեղ ոչ մի նշանակություն չունի: Գագիկ Ծառուկյանն իրեն առավել դրսևորել է՝ որպես բարերար, գործարար: Թեև «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) նոր է քաղաքականության մեջ, բայց բոլորը հավասար իրավունք ունեն մասնակցելու հանուն ժողովրդավարության պայքարին: Ժողովրդավարության պայքարի մեջ մտնում է քաղաքացիներին երկրի տերը դարձնելու իրավունքը»:

Լրագրողները խնդրեցին հստակեցնել՝ Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցությունն արդյունավետ կլինի՞: Ի պատասխան՝ Հայրիկյանն ասաց, որ արդյունավետությունը կավելանա ցանկացած նոր ուժին միանալու հետ.

«Այդ թվում և՝ անհատ Ծառուկյանի ու նրա շուրջ համախմբված մարդկանց միանալու դեպքում»:

Կարդացեք նաև

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է գնահատում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից, և արդյո՞ք կարծում է, որ դրան կհետևի այլ գաղափարակիցների հեռացումը կուսակցությունից:

«Մի քանի օր առաջ օրինակ բերելու համար ասացի՝ ի՞նչ եք կարծում, եթե Հովիկ Աբրահամյանը գա ու միանա մեզ, մենք պետք է ասենք՝ ո՞չ: Ով էլ որ գա, բոլորին պետք է ասենք՝ այո: Երեկ մի քանի ընկերներ հարցրին՝ Հովիկ Աբրահամյանի գլխին սարքեցի՞ր: Ես պատասխանեցի, որ կոնկրետ իր անձը նկատի չունեի, այլ զբաղեցրած նախկին բարձր պաշտոնը: Ոչ թե հնարավոր է, այլ կենսական անհրաժեշտություն է այն, որ ՀՀԿ-ից էլի դուրս եկողներ կլինեն: Երբ ՀՀԿ-ն հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, բոլոր հանրապետականները պետք է դուրս գային: Շատ էլ, որ Սերժ Սարգսյանը վախեցել էր Պուտինից, բայց հանրապետականներին էլ հո չէ՞ր վախեցրել, ի՞նչ էր նշանակում՝ այդպես հանգիստ ենթարկվել: Հնարավոր է՝ ոչ միայն հանրապետականների, այլև այլ տեսքով տարբեր տրոյական ձիերի փոխադրում հակառակ դաշտ: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ մեր դաշինք մտնելուն, ապա մենք ուզում ենք ունենալ շատ ավելի մեծ դաշինք, քան հիմա կա»:

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ հանուն ընտրություններում ձայներ ունենալու՝ գաղափարական բոլոր տարբերությունները մի կողմ են դրվում, ու պատրաստ են Հովիկ Աբրահամյանին էլ ընդգրկել իրենց դաշինք, նա այսպես պատասխանեց.

«Ոչ թե հանուն պառլամենտում տեղեր ունենալու, այլ հանուն Հայաստանը ժողովրդավարական դարձնելու, իսկ Հայաստանն առանձին կուսակցության չի պատկանում: Երբ դու չունես ժողովրդավարություն, քո գաղափարական դիրքորոշումը ոչ մի իմաստ չունի: Պիտի իրական ժողովրդավարություն լինի, որ դու քո գույնով ներկայանաս: Եթե խավար է, ծիածանը չի երևա, պիտի նախ լույս լինի, որ ծիածանի յոթ գույները տեսնես: Հիմա մենք խավարում ենք, պիտի պայքարենք, որ լույս լինի, հետո ես կներկայանամ իմ կապույտ գույնով, սոցիալիստը ներկայանա իր կարմիրով, մյուսը՝ իր գույներով, դա է այսօրվա հիմնական նպատակը: Գաղափարական դաշինք լինելու դեպքում՝ այդ մարդիկ պետք է դառնան մեկ կուսակցություն, իսկ դաշինք կազմում են նրանք, ովքեր տարբեր են ու ինչ-որ նպատակի համար համատեղում են իրենց ուժերը»:

Տեսանյութեր

Լրահոս