«Հուսամ՝ Կարեն Անդրեասյանը կմեծանա». Պարույր Հայրիկյանի արձագանքը՝ «ամբարտավան» Անդրեասյանի հայտարարություններին
«Մենք շատ հստակ ազդարարել ենք, որ Հայստանում ընտրություններ չեն եղել ու հիմա էլ ընտրություն չէր լինելու: Այս իրավիճակում կարելի էր ընդհանրապես չմասնակցել, կամ փորձել այս համազգային միջոցառումն օգտագործել՝ Հայաստանը ժողովրդավար դարձնելու նպատակով: Մեր բոլոր ցանկությունների հիմքում ընկած էր մեկ բան` միասնական ճակատ ստեղծել հանուն ժողովրդավարության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հայտարարելով, որ Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան դաշինքից այսօր ողջունել են իր հայտարարությունն առ այն, որ ցանկանում է միանալ իրենց:
Ինչ վերաբերում է գործնական հարցերին, նա ասաց, որ այդ ամենն առաջիկայում կքննարկվի, միայն հստակեցրեց, որ դաշինքի հետ համագործակցության կարգը դեռևս չեն հստակեցրել, ու այս պահին ծրագրային բովանդակության որևէ բան չկա:
Լրագրողները հիշեցրին, որ իր հայտարարությունից հետո բազմաթիվ քննադատություններ եղան հենց «Համախմբում» կուսակցության ներսից, մասնավորապես, երեկ Կարեն Անդրեասյանը հայտարարություն էր տարածել, թե իր համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը, նաև ասել էր, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես է, որ խիստ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչը՝ Արամ Սարգսյանը, համագործակցում է Պարույր Հայրիկյանի հետ:
Լրագրողները նաև հիշեցրին, որ Կարեն Անդրեասյանը ՄԻՊ եղած ժամանակ Հայրիկյանի բուժման համար տրված գումարը համարել էր անհամաչափ, ինչը Հայրիկյանի կտրուկ արձագանքին էր արժանացել: Հետևաբար, ինչպե՞ս է պատկերացնում Անդրեասյանի հետ համագործակցությունը, եթե ամեն ինչ հարթ ընթանա:
Այս ամենին ի պատասխան՝ Հայրիկյանն ասաց, որ միայն երեկ է իմացել, որ Կարեն Անդրեասյանն այդ թիմի անդամ է. «Կարեն Անդրեասյանի հայտարարությունների համար որևէ պատասխան պետք է տա Վարդան Օսկանյանը, եթե նա այդ կուսակցության անդամ է: Բայց մյուս կողմից՝ դա կարելի է ժողովրդավարության դրսևորում համարել: Ես նրան խիստ գնահատական չեմ տվել, ընդամենն ասել եմ՝ երիտասարդ, իսկ ինքն իսկապես երիտասարդ է: Երիտասարդ լինելը վատ բան չէ, բայց եթե երիտասարդն ամբարտավան է, դա լավ չէ: Նույնիսկ այն, ինչ աշխարհին է հայտնի, նա ասում էր՝ իսկ Հայրիկյանն ինչո՞վ է անկախության գործին նվիրված եղել: Այդ առումով եմ իրեն ասել՝ ամբարտավան:
Գուցե այդ հայտարարությունն անելիս՝ նա չի համաձայնեցրել իր ղեկավարի հետ, որովհետև նման հարցերը պետք է կազմակերպության ներսում քննարկվեն: Հիմա ինձ համար իսկապես զարմանալի է, որ նա համարձակվել է այդպիսի խոսքեր ասել: Ես իր դիտարկումներով չեմ զբաղվի, թող Օսկանյանը զբաղվի այդ հարցով: Իսկ այն, որ նա ասում է՝ ինչպես կարող են Արամ Սարգսյանն ու Հայրիկյանը համագործակցել, այստեղ էլ երևում է, որ դեռ մնացել է երիտասարդ, որովհետև ժողովրդավարությունն այնպիսի հարց է, որը վերաբերում է բոլորին՝ անկախ արտաքին հարցերում ունեցած կողմնորոշումներից: Հուսամ, որ ինչպես մենք եղել ենք երիտասարդ, հետո մեծացել ենք, Կարեն Անդրեասյանն էլ կմեծանա»: