«Մենք առհասարակ ֆանտաստիկ երկիր ունենք և շատ հյուրընկալ ենք». Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը զբոսաշրջության համար շատ հետաքրքիր, բայց այդ առումով թերագնահատած երկիր է համարում: Այս մասին Կ. Կարապետյանը հայտարարել է ռուսական «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ մարդիկ Հայաստանի մասին քիչ բան գիտեն:
«Առաջին հերթին մենք առաջին ազգն ենք, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Մեր ազգը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, և մենք դրա ապացուցված փաստերն ունենք, որոնք հիմնված են պեղումների վրա։ Մենք 1000 տարով ավելի հին ենք, քան Քեոփսի բուրգը։ Այս փաստը պետք է հիշել։ Երևանը մոտ 2800 տարեկան է։ Այսինքն՝ 50 տարով ավելի հին, քան Հռոմը։ Մենք առհասարակ ֆանտաստիկ երկիր ունենք և շատ հյուրընկալ ենք։ Ես կառանձնացնեի ևս մի գիծ, որով առանձնանում է հայ ժողովուրդը։ Դա երախտագիտության զգացումն է»,- ասել է Կարապետյանը:
Վարչապետն անդրադարձել է հունվարի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ստորագրված համաձայնագրին, որով ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում Հայաստան այցելել ներքին անձնագրերով: «Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը: