Տնտեսավարողները կարող են կամավոր ընտրել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը
2017 թվականի հունվարի 1-ից ներդրվել է շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի կանխավճարները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների 2 տոկոսի չափով:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ այն նպատակաուղղված է տնտեսավարող սուբյեկտների մոտ ժամանակային առումով լրացուցիչ ֆինանսական միջոցների կենտրոնացմանը:
«Արդյունքում՝ բոլոր այն հարկ վճարողները, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում զգալի շահույթ չեն ակնկալում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը` դրանով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումարները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն՝ տնտեսավարողը ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ տարվա իր շրջանառությունից: Մեծ թե փոքր, միևնույն է, կվճարի դրա 2 տոկոսը»,- ասաց Միրումյանը: