
Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Լեռնային Ղարաբաղից օրերս Երևանի հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
«Պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, ծնկի շրջանում ոսկրային դեֆեկտով վիրավորում է ստացել: Վիրահատել ենք և ստիպված ենք եղել հեռացնել մեկ ստորին վերջույթը: Վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կայունություն է նկատվում: Փորձել ենք սկզբնական շրջանում ստորին վերջույթը պահպանել, սակայն վնասվածքը մեծ էր և չի հաջողվել: Նա վիրավորում ստացել էր երեք օր առաջ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մարտական հերթապահության ժամանակ»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Գուրգեն Հարությունի Սարգսյանին, ապա Կամավոր Խաչատրյանը նշեց, որ Պաշտպանության բանակից իրենց մոտ է տեղափոխվել գլխուղեղի շրջանում ստացած վնասվածքով: Նրա խոսքով, բավական լուրջ վիրավորում է, այժմ երիտասարդին միացված է արհեստական ապարատ: Կամավոր Խաչատրյանն ընդգծեց, որ բժիշկներն ամեն ինչ անում են զինվորի կյանքը փրկելու համար: Նրա վիճակը ևս գնահատվում է ծայրահեղ ծանր: 19-ամյա Գուրգեն Հարությունի Սարգսյանը հրազենային վիրավորումն ստացել էր հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: