Հայրենի գյուղում հարգել են ապրիլյան պատերազմում զոհված Արամ Առուշանյանի հիշատակը
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում այսօր տեղի է ունեցել ապրիլյան պատերազմում զոհված Արամ Առուշանյանի ծննդյան 45-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
Ըստ «Արցախպրես»-ի արտահաստիքային թղթակից Աննա Պետրոսյանի՝ հերոսի մեծարման հանդեսին գյուղի դպրոցում հավաքվել էին Արամ Առուշանյանի հարազատները, հայրենի գյուղի բնակիչները, հարազատ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներ, զինակից ընկերներ, հյուրեր:
Ողջունելով հավաքվածներին՝ դպրոցի տնօրեն Ներսես Մանուկյանը շնորհավորել է հերոսի ծննդյան 45-ամյակը՝ հակիրճ ներկայացնելով 44 գարուն ապրած Արամ Առուշանյանի կյանքի անցած ուղին:
«Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրության մեջ իր անունն է անմահացրել նաև մեր դպրոցի նախկին աշակերտ Արամ Առուշանյանը: Անցնելով փառավոր կյանքի ուղի և արժանանալով հերոսի կոչման՝ նա դարձավ մեր ողջ ժողովուրդի այն զավակներից մեկը, որի կյանքի անցած ուղով հպարտանում ենք բոլորս: Լինելով հրետանավոր՝ նա կարողացել է ծանր և պատասխանատու պահին կատարել այնպիսի սխրանք, որը հիացմունք ու հպարտություն է առաջացնում բոլորիս սրտերում»,- մասնավորապես ասել է Ն. Մանուկյանը:
Արամ Առուշանյանի դասղեկի խոսքով, Արամը պարտաճանաչ, դաստիարակված, ընկերասեր ու ազնիվ աշակերտ է եղել: «Նա ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և հասել է մինչև զինվորական բարձ կոչման: Կորստի ցավից ու ափսոսանքից զատ՝ մեզ տոգորում է նաև հպարտության վեհ զգացումը, որ մեր կողքին ծնվել, մեծացել, սովորել ու հերոսացել է Արամ Առուշանյանը՝ կենդանի օրինակ հանդիսանալով գալիք սերունդների համար»,- ասել է դասղեկ Համլետ Սահակյանը:
Իսկ դպրոցի զինղեկ Ռուբեն Բաղրյանը պատմեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արամն արդեն կանգնած էր կամավորականների առաջին շարքերում, ու դա եղավ նրա վերջին ճակատամարտը: Ապրիլի 26-ի չարաբաստիկ օրը վերջինը եղավ Արամ Առուշանյանի համար:
Հայրենիքը բաձր է գնահատել հերոսի սխրանքը. նա արժանացել է պետական պարգևների, իսկ ընտանիքը գտնվում է պետության հոգածության ներքո: Միջոցառմանը Արցախի ազատամարտիկների միության կողմից ծննդյան 45-ամյակի կապակցությամբ Արամ Առուշանյանը հետմահու պարգևատրվել է մեդալով: