«Դեսպան Միլսը վայր չի դրել իր լիազորությունները». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Ելնելով մամուլում տեղ գտած հրապարակումներից, որ հունվարի 20-ից ի կատարումն նախագահ Թրամփի պահանջի ԱՄՆ մի շարք դեսպաններ վայր են դրել իրենց լիազորությունները, Հայաստանում շատերը հետաքրքրվում են դեսպան Միլսի կարգավիճակով:
Պատասխանը հետևյալն է. դեսպան Միլսը վայր չի դրել իր լիազորությունները և շարունակում է մնալ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում: Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին:
Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ:
Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և հետևաբար նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում: Դեսպան Միսլը Երևանում է և շարունակում է իր առաքելությունն ի նպաստ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն